«Սյունիքի ՃԿԿ-ն 70%-ով պետք է բաղկացած լինի բարձրագույն կրթություն ունեցող կանանցից»
Այսօր Սյունիքի մարզում երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ մասնակցել է Սյունիքի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը:
ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարը ծանոթացել է Սյունիքի ՃԿԿ-ի աշխատակազմի հետ՝ նշելով, որ այն գոնե 70%-ով պետք է բաղկացած լինի բարձրագույն կրթություն ունեցող և առնվազն 3 լեզվի տիրապետող կանանցից, իսկ տղամարդկանց ներուժը հարկավոր է օգտագործել փրկարարական աշխատանքների իրականացման ոլորտում:
ՏԿԱԻՆ ՃԿԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը նախարարին ներկայացրել է մարզային ՃԿԿ-ի տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները: Ցանկացած ինքնաթիռի մուտքը մարզ միանգամից գրանցվում է ՃԿԿ-ի մոնիթորներին, կենտրոնի օդերևութաբանական համակարգը թույլ է տալիս կանխատեսել մարզի եղանակային պայմանները 10-օրյա ժամանակահատվածի համար: ՃԿԿ-ում հստակ գրանցվում է սեյսմիկ ակտիվությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև հարևան պետությունների տարածքներում:
Կենտրոնում գործում է GPS համակարգ, որի միջոցով մոնիթորների վրա հստակ երևում է, թե որտեղ է գտնվում շտապօգնության կամ փրկարարական մեքենան, ինչը թույլ է տալիս անձնակազմին ճիշտ կողմնորոշել, թե որ ուղղությամբ իրենք պետք է շարժվեն:
ՃԿԿ-ի աշխատանքային օպերատիվությունը ստուգելու նպատակով նախարար Երիցյանը տեղում անձամբ կապ է հաստատել Լոռու մարզի և Երևանի փրկարարական վարչությունների հետ, վերջիններս զեկուցել են նախարարին օպերատիվ իրավիճակը: ՏԿԱԻ նախարարի հանձնարարականով՝ ամեն օր առավոտյան 8:30-ի դրությամբ ՃԿԿ-ից մարզային օպերատիվ տվյալները զեկուցվելու են Սյունիքի մարզպետին և Կապանի քաղաքապետին:
Ընդհանուր դրական գնահատելով Սյունիքի ՃԿԿ-ի կառուցման աշխատանքները՝ նախարար Երիցյանը հանձնարարել է շենքի առաջին հարկում հարմարություններ ստեղծել հաշմանդամների աշխատանքի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ