«Ապրիլին տաքսու վարորդները բողոքի ակցիաներ չեն անի, կշարունակեն մայիսից»
Տաքսիների անհատ վարորդներին 50 հազար դրամով տուգանելու գործընթացը վերջերս լայն թափ է ստացել, որի պատճառը տաքսի վարելու համապատասխան լիցենզիա չունենալն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ նշելով, որ կապի և տրանսպորտի նախարարությունը անտեսեց մինչև մարտի 30-ը լիցենզիա չունենալու պատճառով տուգանքներ չգանձելու խոստումը:
Նրա խոսքերով՝ վերջին 15 օրում տաքսի վարելու վերաբերյալ համապատասխան լիցենզիա ստացել է 600 վարորդ. «Պատկան մարմինները պատրաստակամ են միայն տուգանքներ հավաքագրելու հարցում, ոչ թե անհատ տաքսիստների վրա լուրջ վերահսկողություն սահմանելու»:
«Վերջերս ճանապարհային ոստիկանության կողմից 30 հազար դրամով տուգանվում են տաքսու վարորդները մեքենայի առջևում և հետևում տաքսու լոգոյով գովազդ ունենալու համար»,-նշեց Տ. Հովհաննիսյանը՝ ինչը, ըստ նրա, բոլորովին էլ օրենքի խախտում չէ:
«Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահը նշեց, որ իրենք բողոքի ակցիաները կշարունակեն մայիսի 1-ից. «Մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը և ապրիլին որևէ գործողության չենք գնա, սակայն արդեն մայիսի 1-ից վարորդների բողոքի ակցիաները կշարունակվեն»:
Հանդիպմանը ներկա «Անհատ տաքսու վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ փոխնախագահ Արսեն Պետրոսյանն էլ ասաց, որ խնդիրները պետք է լուծվեն փոխզիջումների ճանապարհով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին