Արամ Առաջին. Մենք հաղթեցինք ցեղասպանին՝ գոյատևելով ու պայքարելով (լուսանկարներ)
Անթիլիասի մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը ներկա են եղել կրոնական, պետական, քաղաքական ու դիվանագիտական բարձրաստիճան պաշտոնյաներ, հոծ բազմություն: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Կաթողիկոսն իր պատգման է ուղղել ներկաներին՝ մասնավորապես ասելով.
«Անցնող 100 տարվա ընթացքում հայ ժողովրդի պատմության մեջ եղել են ջարդի ու մահվան, աքսորի ու տառապանքի տարիներ, միաժամանակ եղել են նաև ինքնահաստատման ու վերակազմակերպման, վերականգնման ու վերածննդի տարիներ, պայքարի ու պահանջատիրության տարիներ:
Նոր արշալույս կերտեցինք Սարդարապատի հաղթանակով և 1918 թվականի մայիսի 28-ի Հայաստանի անկախությամբ:
Նոր արշալույս կերտեցինք մշակութային արժեքներով ու իրագործումներով հայ ժողովրդի կյանքը ծաղկեցնելով:
Նոր արշալույս կերտեցինք Արցախի մեր ժողվորդի ինքնիշխանության վերահաստատմամբ:
Նոր արշալույս կերտեցինք 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության վերակերտումով:
Ցեղասպանն ուզեց բնաջնջել հայ ազգն ազգերի ընտանիքից ու ջնջել Հայաստանն աշխարհի քարտեզից: Այսօր, 100 տարի անց Հայաստանն աշխարհի քարտեզի վրա իր առանձին տեղն ունի, հայ ազգը միջազգային ընտանիքում իր յուրահատուկ տեղն ունի:
Այժմ, մենք հաղթեցինք ցեղասպանին՝ գոյատևելով ու պայքարելով, հիշելով ու հիշեցնելով իր գործած ոճիրը մեր ազգի ու համայն մարդության դեմ և մանավանդ՝ արդարություն պահանջելով:
Մեր հաղթական գնացքը կանգ չի առել. այն պետք է շարունակվի 100-ամյակներ շարունակ՝ վճռականությամբ ու ամբողջական հանձնառությամբ նոր արշալույսեր կերտելու համար:
Մենք Թուրքիայից ցավակցությունը չենք խնդրում, այլ դատապարտում և ճանաչում ենք պահանջում հայ ժողովրդի դեմ իր պապերի, Օսմանյան կայսրության կողմից պետականորեն ծրագրված ու գործադրված ցեղասպանության համար:
Ներկա Թուրքիան, իր ունեցած աշխարհաքաղաքական ու տնտեսական առավելություններով չի կարող պատմական ճշմարտությունը ծածկել:
Ներկա Թուրքիայի ղեկավարներն իրենց ուղղակի թե անուղղակի սպառնալիքներով՝ ուղղված Հայաստանին և Սփյուռքին, չեն կարող լռեցնել աշխարհացրիվ հայ զավակների, իրեն նախահայրերի յաթաղանին զոհ գնացած մեր նահատակների թոռների պահանջատիրական ձայնը:
Մենք պահանջատեր ժողովուրդ ենք, որովհետև մեր մարդկային ու ազգային իրավունքները տակավին մնում են բռնաբարված:…
Ինչպե՞ս կարելի է լուռ մնալ այս շարունակվող ցեղասպանության դիմաց:
Ինչո՞ւ միջազգային համայնքը անտարբեր է, երբ Թուրքիան կքաջալերի ծայրահեղականներին ու ահաբեկիչների:
Ինչո՞ւ արաբական աշխարհը լռում է, երբ Թուրքիան իր անօրինական միջամտությամբ երկպառակություն է սերմանում ամեն տեղ:
Ցեղասպանությունը ոճիր է, իսկ լռությունը՝ այլ ոճիր: …
Ո՛չ, 100-րդ տարելիցը վերջակետ չէ, այլ նոր մեկնակետ մեր պահանջատիրական պայքարի:
Ո՛չ, Թուրքիայի երբեմն կարծր ու երբեմն քաղցր մոտեցումները չեն կարող վախեցնել կամ խաբել մեր ժողովուրդին։…
Աշխարհն այսօր մեզ վստահաբար հիացմունքով ու հարգանքով է վերաբերվում, որովհետև մենք մեր ողջ պատմության ընթացքում բարի սերմանող, սեր տարածող, արդարության համար պայքար մղող ու խաղաղության ձգտող ժողովուրդ ենք:
Ա՛յս ոգով պիտի շարունակենք մեր կյանքն ու պահանջատիրական պայքարը։
Միասնականությունը մեր հզորագույն զենքն է, հավատքը մեր երջանակության երաշխիքն է:
Այժմ, քայլ առաջ, ժողովուրդ հայոց, «նոր արշալոյսեր» կերտելու տեսիլքով ու վճռակամությամբ»:
Արամ Առաջինի ամբողջական ելույթը՝ այստեղ: