Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին
Այսօր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ, տեղի է ունեցել Երևանի Նուբարաշեն համայնքի նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման արարողությունը:
Ս. Նահատակաց եկեղեցու շինարարությունն սկսվել էր 2012 թվականին: Եկեղեցու բարերարն է Գագիկ Ծառուկյանը, նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և եկեղեցու բարերարներ տեր և տիկին Գագիկ և Ջավահիր Ծառուկյանները: Աղ ու հացի ավանդական արարողությունից հետո, «Հրաշափառի» երգեցողության ներքո Նորին Սրբությունը, իր օրհնությունը բաշխելով ներկա հավատավոր ժողովրդին, եկեղեցականաց թափորով մուտք է գործել նորակառույց եկեղեցի, ուր սկսվեց եկեղեցու օծման կարգը:
Շարականների և սաղմոսների երգեցողությունից, աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվել է Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցու Ս. Սեղանի օծումը, իսկ տասնվեց սյուների օծումը կատարվել է ձեռամբ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանի, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ու Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի:
Ս. Սեղանի և եկեղեցու սյուների օծումից հետո ի պանծացումն Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչել է Սրբոց Նահատակաց անունով, ապա «Պահպանիչ» աղոթքով օրհնեց Ծառուկյան ամուսիններին և ներկա ժողովրդին:
Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբոց Նահատակաց եկեղեցու բացման առիթով իր օրհնության պատգամը հղել է ներկաներին:
«Մեկ դար է անցել, սիրելիներ, Հայոց Ցեղասպանության ահավոր ոճիրից: Բոլորդ գիտեք, թե ինչպիսի տառապանքների միջով անցավ մեր ժողովուրդը: Մենք կորցրեցինք մեր հայրենիքի մեծագույն մասը, հայոց ազգի մեկ ու կես միլիոն զավակներ նահատակվեցին իրենց նվիրական սուրբ հողում` հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի և իրենց հայրենյաց սիրո: Նրանց նահատակության հետ միաժամանակ ավերվեցին մեր սրբությունները, կործանվեցին մեր տաճարները, հրի մատնվեցին մեր հոգևոր անգին արժեքները, որոնք դարերով աղոթքով և ուխտով մեր ազգի զավակները կերտել էին հայ ժողովրդի հավատքի զորացման համար, որպեսզի նրանք մշտապես լինեն Աստծու հետ հաղորդակցության մեջ և իրենց կյանքն ապրեն Աստծու օրհնության և հովանու ներքո», - ասել է Ամենայն Հայոց Հայրապետը:
Անդրադառնալով ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը` Նորին Սրբությունն ընդգծել է, որ նրանք այլևս զոհեր չեն, այլ Հաղթական Եկեղեցու սրբեր, ովքեր իրենց բարեխոսական աղոթքով մշտապես առաջնորդելու են հայ ժողովրդին, որպեսզի վերջինիս ընթացքը լինի Աստծու պատվիրանների ու պատգամների համաձայն, իսկ կյանքն ընթանա հայրենաշեն ու եկեղեցանվեր իրագործումների ճանապարհով:
Խոսքն ուղղելով հավաքված ժողովրդին` Հայոց Հայրապետը նշել է, որ ամենքը պարտավորություն ունեն իրենց կյանքում իրագործելու այն բոլոր իղձերն ու երազները, որոնց համար հայ ազգի նահատակ զավակները հանձն առան մարտիրոսության լուսե պսակը: Նորին Սրբությունը նաև շեշտել է, որ հավատում է` հայ ժողովուրդն ուժ պիտի առնի իր նահատակներից, սրբացյալ հայոց նահատակների բարեխոսության ներքո պիտի զորանա նաև ժողովրդի հավատքը:
Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է հայտնել տիար Գագիկ Ծառուկյանին և Ծառուկյան ընտանիքին, ում ազնիվ բարերարությամբ յոթ եկեղեցիներ են վեր խոյացել հայոց սրբազան հողի վրա:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայոց աշխարհի ապահով ու անսասան կյանքի համար հայցել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը և աղոթք վերառաքել առ Երկնավոր Տերը, որ Իր օրհնության ներքո պահի ու պահպանի համայն աշխարհը արդարության, մարդասիրության ու խաղաղության արժեքների մեջ:
Խոսքի ավարտին Նորին Սրբությունը նորակառույց եկեղեցուն նվիրել է Տիրոջ Սուրբ Ծննդյան սրբանկարը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում