Միշտ չէ, որ իշխանության առաջ քաշած օրինագծերին պետք է դեմ քվեարկել. Գագիկ Ջհանգիրյան
ՀՀ ԱԺ-ում ընթացող «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագծի և հարակից օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ իրեն զարմացնում են ոչ իշխանական ուժերի ներկայացուցնիչների ելույթները, որոնք դեմ են դատական հաշտարարի ինստիտուտի ներդրմանը:
«Եթե չեք վստահում դատարաններին, այսօր այդ դատարանն ամբողջությամբ այս կամ այն կողմի օգտին հարցը լուծում է, հիմա երբ ասում են տանք հաշտարարի ինստիտուտին, դատարանը միայն հաստատի հաշտությունը, ասում եք՝ չէ: Ինչո՞ւ չէ»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ ոչ իշխանական ուժերի պատգամավորները ասում են, որ կողմերին հաշտեցնելու համար բարեկամներ, իմաստուն մարդիկ կան, ինչպես նաև թաղային հեղինակություններ:
«Հավատացեք, թաղային հեղինակությանը արդեն դիմել են, եթե հասել են դատարան: Ուրեմն իրենց գերդաստանի ավագը արդեն այդ գործով միջամտել է, գյուղի քյոխվեն միջամտել է, չեն հաշտվել և հասել են դատարան: Հիմա դուք սրան դեմ եք, ես չեմ հասկանում: Սա միանշանակ դրական ինստիտուտ է: Ավելին՝ հաշտության ինստիտուտը «Քաղաքացիական դատավարության» նոր օրենսգրքով արդեն մտցնելու ենք քրեական դատավարության վարույթ»,- նշեց Գ.Ջհանգիրյանը:
Նրա խոսքերով՝ ինքը նույնիսկ կառաջարկի, որ այս ինստիտուտը ներդրվի նաև վարչական վարույթում, ինչը կնպաստի դատական աշխատանքների բեռնաթափմանը:
Գ.Ջհանգիրյանը նշեց, որ դատական համակարգի հաշտարարի համակարգի ներդրման մեջ ուրիշ վտանգ կա: «Պետք է ուշադրություն դարձնել, որ այնպիսի իրավիճակ չլինի, որ ամեն դատավոր ունենա իր 5 հաշտարարները, մեկը մյուսին «պաս» տան, հաշտություն կնքեն: Մեխանիզմները այնպիսին պետք է լինեն, որ հաշտարարների բաշխումը դատավորների միջև ավտոմատ համակարգով լինի կամ այբբենական կարգով»,- ընդգծեց նա՝ առաջարկելով հաշտարարի ինստիտուտում ներառել մեծ թվով հաշտարարների:
Պատգամավորը ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ հանգամանքի վրա:
«Քանի որ դատավորները 65 տարեկանից գնում են թոշակի, հիմա էլ կյանքի տևողությունը աճել է, մեծացել է, չեն ուզում 65 տարեկանից գնան թոռնիկներին պահեն, ուզում են 75-ից գնան: Ստացվում է, որ մենք օրենք ենք ընդունում մենակ դատավորների մասին: Ասում եք՝ չէ, լիցենզիոն կարգ եմ սահմանել, բոլորն էլ կարող են մասնակցել: Բայց ասենք ես եմ ու արդարադատության նախարարն է, մի հատ ընենց բարդ քննություն ու թեստ եմ նախատեսում, որ Սողոմոն իմաստունն էլ չի անցնում: Մնում են այդ դատավորները: Ըհը, եղավ, իրենց համար լրացուցիչ եկամտի աղբյուր և աշխատանք ենք ապահովում»,- նշեց նա:
Գ.Ջհանգիրյանի խոսքերով՝ եթե նախատեսում են ներդնել դատական հաշտարարի ինստիտուտ, ապա պետք է այն այնպիսին լինի, որ սուբյեկտները հնարավորինս մեծ թվով լինեն, որպեսզի կողմնակալություն չլինի:
«Հետո միշտ չէ, որ իշխանության առաջ քաշած օրինագծերին պետք է դեմ քվեարկել, վատին պետք է ասենք՝ վատ է, լավին՝ լավ: Ես կարծում եմ, որ շատ լավ ինստիտուտ է և մենք դեռ ուշացրել ենք, եթե նման ինստիտուտները վաղուց լինեին, ապա թաղային հեղինակությունները հաշտեցման գործառույթ կատարելու համար ո՛չ գումար կստանային, ո՛չ էլ տոկոս կպահեին»,- ասաց Գ.Ջհանգիրյանը: