Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը համարում եմ տապալված ինստիտուտ. Նաիրա Զոհրաբյան
«Ես բացարձակ համաձայն չեմ, որ Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը Հայաստանում կայացել է: Անկախ նրանից, որ 65 տոկոսը դիմել է, ես այդ ինստիտուտը համարում եմ խայտառակ, տապալված ինստիտուտ, որի արդյունավետությունը ուղղակիորեն զրո է»,- այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագծի և հարակից օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նախագծով առաջարկվում է ներդնել դատական հաշտարարի ինստիտուտ, իսկ հաշտարար կարող են դառնալ 25 տարին լրացած անձինք՝ վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո:
Հակադարձելով պատգամավորին, ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանն ասաց, որ ֆինանսական հաշտարարի ինստիտուտն իրեն արդարացրել է:
Մինչդեռ Նաիրա Զոհրաբյանը չկիսեց փոխնախարարի կարծիքը. «Հիմա մենք նորից նոր ինստիտուտ ենք ներմուծում: Գաղափարը լավն է, բայց արդյոք դա կոռումպացված դատական համակարգում, ինչպիսին Հայաստանում է, աշխատելու է»:
Ինչ վերաբերում է մասնագիտական որակավորմանը, ապա պատգամավորը նշեց, որ դժվարությամբ է պատկերացնում, որ, օրինակ, կոնսերվատորիան ավարտած բակալավրը կամ մագիստրոսը կարող է հաշտարար աշխատել: Այստեղ, ըստ նրա, հստակ և կոնկրետ մասնագիտական որակավորման խնդիր կա:
«Ես չեմ պատկերացնում, որ օպերային երգիչը կարող է հաշտարարի գործով զբաղվել, ինչքան էլ համապատասխան որակավորում ստանա: Ինչպես տապալվել է Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը, այնպես էլ տապալվելու է սա, քանի դեռ մենք չենք կարողացել լուծել թիվ մեկ խնդիրը՝ դատական համակարգում անկախության և կոռուպցիայի խնդիրը»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Արսեն Մկրտչյանը նախ նշեց, որ ֆինանսական հաշտարարի ինստիտուտը չունի ընդհանուր գծեր այս հաշտարարի հետ: Ըստ նրա՝ սա նորույթ չի մեր երկրի ու մեր մշակույթի համար, քանի որ ցանկացած երկու անձ, որ վիճում են, դիմում են ավելի խելացի, ավելի ավագ մարդու:
Նրա խոսքերով՝ այստեղ մասնագիտական որակավորման կարիք չկա, պարզապես մարդիկ կարող են վերապատրաստում անցնել, ձեռք բերել հմտություններ, ունակություն, որ կողմերին կարողանան հաշտեցնել:
«Իրականում պետք չէ այս ինստիտուտը բարդեցնել: Ինստիտուտի կայացումը պայմանավորված է հաշտարարների ունակությամբ»,- ասաց Ա.Մկրտչյանը՝ հավելելով, որ ինստիտուտը բավականին խորը ուսումնասիրված է, կան նախադրյալներ և, կարծում է, այն կաշխատի մեր երկրում:
Ն. Զոհրաբյանն էլ նշեց, որ ինքն այդ երկու ինստիտուտների միջև զուգահեռներ չէր անցկացնում, պարզապես նշում է, որ ներդրված ֆինանսական հաշտարարի ինստիտուտը չի գործել՝ անկախ նրանից, թե քանի մարդ է դիմել Հաշտարարին:
Ն. Զոհրաբյանը հիշեցրեց, որ ֆինանսական հաշտարարը դեկրետ գնալուց ստացավ 20 մլն դրամ աշխատավարձ և «այդ առումով գուցե ինստիտուտը շահավետ գործել է»:
«Կարևոր խնդիրները թողած՝ դետալների հետևից ենք ընկնում: Ինչ վերաբերում է մեր ազգի մենթալիտետին, դուք այստեղ խոսում եք ըստ էության սխոդկայի մասին, երբ երկու կողմերը ավանդույթի համաձայն դիմում են մեկին՝ վեճերը հաշտեցնելու համար: Այո, այդ ավանդույթը մեր երկրում լավ գործում է: Բայց եկեք խնդիրները տարբերակենք միմյանցից: Մենք պետք է լուծենք կարևորագույն խնդիր՝ դատական համակարգի անկախության, դատավորների կոռումպացվածության խնդիրը»,- ասաց Ն.Զոհրաբյանը: