Առաջարկվում է քրեական հետապնդումից ազատել 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց
Ազգային ժողովը քիչ առաջ քննարկման դրեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որ ներկայացրել է ՀՀ կառավարությունը:
Քննարկման ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ առաջարկում են, որ երկարաձգեն ժամկետը և մինչև 2014թ-ի դեկտեմբերի 31-ը ծառայությունից խուսափողները, ում տարիքն անցել է 27-ը, վճարեն համապատասխան տույժ-տուգանքը և ազատվեն քրեական հետապնդումից:
Նախարարի խոսքերով՝ սփյուռքում գտնվող քաղաքացիները չեն կարողանում Հայաստան գալ այն պատճառով, որ վաղ տարիքում են հեռացել այստեղից և չեն ծառայել:
Հ.Հակոբյանը հայտնեց, որ այս արտոնության շնորհիվ 2014թ-ին 958 մարդ է եկել Հայաստան, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 61: Ընդհանուր առմամբ՝ պետական բյուջե է վճարվել 800 մլն դրամ:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նախարարին հարցրեց, թե Կառավարությունը ևս քանի անգամ է պատրաստվում երկարաձգել այս ժամկետը:
Հ.Հակոբյանը պատասխանեց. «Մեկ կամ երկու տարեկանում Հայաստանից գնացել են, շատերը նույնիսկ հայերեն չեն խոսում, էլ ուր մնաց բանակում ծառայեն: Չէի ասի, որ հաճույքով ենք խնդրին անդրադառնում»: