Մասնավոր գերեզմանատներում մասնավոր դիահերձարաններ ունենալու պարտադիր պայմանը հանվել է
ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենսդրական փաթեթում արվող փոփոխությունը: Հարցը քննարկվում է երկրորդ ընթերցմամբ:
Օրենքը կարգավորում է գերեզմանատների և դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները և սահմանում է հուղարկավորության արարողությունների կազմակերպման պետական կարգավորման հիմնական սկզբունքներն ու պայմանները: Կառավարությունն առաջարկում է կիրառել տուգանք՝ 0-500 հազար դրամի չափով՝ հոգեհանգստի ծառայություն մատուցելու թույլտվության չունենալու և նման ծառայություն կազմակերպելու համար։
Նախագծի հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հայտնեց, որ նախագծի առաջին ընթերցումից հետո պատգամավորների առաջարկների հիմնական մասն ընդունվել է։ Մասնավորապես, օրենքից հանվել է մասնավոր գերեզմատներում մասնավոր դիահերձարաններ ունենալու պարտադիր պայմանը, ինչպես նաև 15 տարվա վաղեմության աճյունով սափորը ոչնչացնելու դրույթները: Այս դրույթը, ըստ Սուրեն Քրմոյանի, պատգամավորների առաջարկով վերացվել է, և պայմանագրի ժամկետի լրանալուց հետո մասնավոր գերեզմանատան կառավարիչը պարտավոր է «սափորը պահպանել անժամկետ»:
Բացի այդ, գերեզմանատեղի առավելագույն մակերեսը 12-ից շտկվել է 12.5 քառակուսի մետր:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ պետք է հաշվի առնեն ազգային արժեքները, իսկ մյուս խնդիրները պահանջում են տեխնիկական լուծումներ: Նա նշեց, որ առաջարկել էր մասնավոր գերեզմանատան անունից պայմանագիրը կնքել 100 տարի ժամկետով, սակայն այն մերժվել է:
«Եթե անձը մեկ անգամ պայմանագիր է կնքել, ապա նշանակում է, որ նա չի կորելու, նրա անձնագրային տվյալներ էլեկտրոնային տարբերակներով ձեզ մոտ պահպանվում են: Այդ դեպքում բոլորովին էլ հարկավոր չէ, որ անձը ամեն 15 տարին մեկ անգամ գա երկարացնի պայմանագիրը: Այսպիսով, կոնկրետ ժամկետ նշանակելով պայմանագրի համար, հոգեբանական ազդեցություն էլ դա կունենա, որ իրենց հարազատի աճյունը կարող է միայն այդքան տարի մնալ հողին ամփոփված: Մենք ազգովի պայմանագրեր չենք սիրում կնքել, դրանց մասին հիշում ենք միայն դատարաններում: Խնդրում եմ՝ մեկ անգամ ևս վերանայեք նախագծերը, որ շատ ավելի լավ լուծում գտնեք ու պայմանագրի ժամկետի սիմվոլիզմն էլ պահպանենք»,- ասաց Թ.Պողոսյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում կան շատ ու շատ պայմանագրեր, ըստ որոնց՝ հողերը վարձակալության են տրվում 99 տարով, ուստի առաջարկում է, որ այս պայմանագիրը ևս դարձնեն 99 տարի:
ՕԵԿ պատգամավոր, նախագծերից մեկի համահեղինակ Հովհաննես Մարգարյանը խոսեց մասնավոր գերեզմանատների ու հատկապես դիակիզարանների կարեւորության մասին՝ նշելով, որ գերծանրաբեռնված գերեզմանոցների պայմաններում մարդիկ ստիպված ոտնատակ են տալիս գերեզմանները:
«Գերեզմաններում ճանապարհներ չկան, և մենք միշտ ասում ենք, որ գերեզմանը մեզ համար սրբատեղի է, սակայն մեր հարազատի գերեզմանին հասնելու համար ստիպված ենք լինում ոտնատակ տալ ուրիշի գերեզմանը»,- ասաց նա: