«Եղբայրական հարաբերությունների լավագույն դրսևորում էր 100-րդ տարելիցին ՌԴ նախագահի այցը»
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հայտնում են, որ հանդիպման սկզբում Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով Սանկտ Պետերբուրգի նահանգապետին, ուրախություն է հայտնել հայ ժողովրդի համար նվիրական այս օրերին, երբ ոգեկոչվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու հայ ժողովրդի և Հայ Եկեղեցու ազնիվ բարեկամին:
Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձել է երկու բարեկամ ժողովուրդների դարավոր սերտ ու եղբայրական հարաբերություններին` դրանց լավագույն դրսևորում համարելով Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունը Հայաստան:
Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունն է արտահայտել նաև Սանկտ Պետերբուրգի և քաղաքամայր Երևանի միջև ձևավորված կապերի առիթով` բարի արդյունավորում մաղթելով նորահաստատ համագործակցությանը:
Զրույցի ընթացքում Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ջերմ ընդունելության համար շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ իր խոսքում կարևորելով նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դերը համայն հայության և ողջ քրիստոնյա աշխարհի կյանքում:
Վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տիար Գեորգի Պոլտավչենկոյին մաղթել է, որ նրա բոլոր նվիրական իղձերն ու փափագներն իրականություն դառնան` հանուն Ռուսաստանի Դաշնության և նրա բարեպաշտ ժողովրդի պայծառության և բարօրության:
Հանդիպմանը ներկա էեն եղել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում