Լեհաստանի նախագահը մոսկովյան հաղթանակի զորահանդեսն անվանել է «անհանգիստ ու անկայուն աշխարհի խորհրդանիշ»
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին կարծում է, որ մաիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյա տարելիցին նվիրված զորահանդեսը անհանգիստ ու անկայուն աշխարհի խորհրդանիշն է լինելու։ «Իտառ-Տասս» գործակալության հաղորդմամբ, այս մասին նախագահը հայտարարել է կիրակի օրը Լեհաստանի սահմանադրության օրվան նվիրված իր ելույթում։
Կոմորովսկու խոսքերով, Լեհաստանը պետք է հիշի պատմության դասերը և չտրվի այն մոլորությանը, թե հանրապետությանը ոչինչ չի սպառնում։
«Շուտով մայիսի 9-ն է, և Մոսկվայում Կարմիր հրապարակը կրկին կվերածվի զրահատանկային հրապարակի։ Այնտեղ կրկին ցուցադրելու են այն դիվիզիաների ուժը, որոնք վերջերս աշխարհի և մեր աչքերի առջև հարձակվեցին հարևան Ուկրաինայի վրա։ Վաղուց ռազմական հակամարտությունն այդքան մոտ չի եղել Լեհաստանի սահմաններին, ինչպես հիմա է։ Անհրաժեշտ է հիշել, որ այդ ռազմական ուժի ցուցադրման մեջ խոսք է գնում ոչ թե պատմության, այլ ներկայի և ապագայի մասին։ Այդպիսին է այսօրվա անհանգիստ և անկայուն աշխարհի տեսքը։ Նման պայմաններում մենք ստիպված ենք կառուցելու Լեհաստանի անվտանգությունը», - հայտարարել է Կոմորովսկին։
Նախագահը հավելել է, թե Լեհաստանը գտնվելով արևմուտքի և արևելքի միջև պետք է հիշի պատմական փորձը և իր ուժը կառուցի հենվելով համաձայնության և միասնության վրա այնտեղ, որտեղ դա հնարավոր է։
«Ներկայիս աշխարհը սպառնալիքներ է պարունակում, այդ իսկ պատճառով կարևոր է երկրի հետագա զարգացումը, արևմուտքի հետ կապերի ընդլայնումը եվրոպական ինտեգրացիայի ընդլայնման և ՆԱՏՕ-ի ակտիվ մասնակցության միջոցով», - ասել է Կոմորովսկին։