Կարմիր գծեր Վանաձորում. «Սիթի Փարկինգ Սերվիս»-ի խորհուրդը
Վանաձոր քաղաքի ավագանու՝ մայիսի 7-ին կայանալիք նիստում քնարկվելու է Տիգրան Մեծի պողոտայի, Մյասնիկյան և Մխիթար Գոշի փողոցների վրա ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը սահմանելու մասին հարցը:
Panorama.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը հայտնեց, որ խոսքը վճարովի կայանատեղիների մասին է:
«Դա տրվել է ավագանու քննարկմանը, քննարկման արդյունքը ցույց կտա: Դեռ ոչ մի բան հստակ չէ, նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղիների տեղեր սահմանել»,-ասաց աշխատակազմի քարտուղարը:
Վանաձորցի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ դեմ է այդ նախաձեռնությանն ու քաղաքային իշխանություններին առաջարկում է հրաժարվել դրանից:
«Ըստ քաղաքում շրջանառվող տեղեկությունների, Վանաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, առաջարկվում է Երևանի փորձը կիրառել Վանաձորում` ներդնելով «կարմիր գծեր» քաշելու վիճահարույց պրակտիկան: Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և իրապես Վանաձորում փորձ է արվելու կարմիր գծեր քաշել և դրանով նույնպես գումարներ հավաքել քաղաքացիներից, ապա ի սկզբանե հայտրարում եմ, որ որպես Վանաձորրի բնակիչ և Վանաձորից ընտրված պատգմավոր ես ԴԵՄ ԵՄ այդ նախաձեռնությանը: Այն չի արդարացրել իրեն Երևանում և միանշանակ չի կարող արդարացնել աղքատ Վանաձորում: Առաջարկում եմ հրաժարվել նշված նախաձեռնությունից, հավելյալ առիթներ չտալով Վանաձորից արտագաղթող բնակչությանը, և կենտրոնանալ քաղաքի բազմաթիվ խնդիրների լուծման վրա: Հուսով եմ, որ իմ կողմից շատ հարգված Վանաձորի ավագանու անդամները թույլ չեն տա, որ «կարմիր գծերի» խայտառակ պրակտիկան մուտք գործի Վանաձոր»,-գրել է պատգամավորը:
Երևան քաղաքի ավտոկայանատեղերի կազմակերպումն իրականացնող «Սիթի Փարկինգ սերվիս» ընկերությունում առաջին անգամ են լսում նման նախագծի մասին: Ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը Panorama.am-ին հայտնեց, որ իրենց ընկերությունը Վանաձորի հետ որևէ կապ չունի:
«Վանաձորում վճարովի ավտոկայանտեղիների կազմակերպման հարցով չեն դիմել»,-ասաց ընկերության տնօրենը:
Երևանում ավտոկայանտեղիների կազմակերպման փորձ ունեցող ընկերության տնօրենը, ով մինչ օրս հայտարարում է, որ ընկերությունը դեռ շահույթ չի ստանում ու պատրաստ են վաճառել ընկերությունը, խորհուրդ է տալիս այդ գործում ճիշտ կազմակերպել:
«Խորհուրդ կտամ, որպեսզի մանրամասն հաշվարկեն բիզնես մոդելը, որպեսզի կարողանան եկամուտներ ապահովել»,-ասաց Վազգեն Հարությունյանը՝ Վանաձորում վճարովի ավտակայանտեղիների հավանական կազմակերպողին:
«Սիթի Փարկինգ սերվիս»-ի տնօրենն ասաց, որ այս տարվա ընթացքում կարմիր գծեր Երևանի վարչական նոր շրջաններում չեն լինի, դրանք կպահպանվեն Արաբկիրում, Շենգավիթում ու Կենտրոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները