«100 LIVES» նախագիծը հայտարարում է Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու մասին
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «100 LIVES» (100 Կյանք) նախագիծը հայտարարում է Նեպալի ավերիչ երկրաշարժից տուժած երեխաներին օգնություն ցուցաբերելու մասին՝ այդ նպատակով 100 հազար ԱՄՆ դոլար փոխանցելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (UNICEF): IDeA -ն այսպիսով արձագանքում է ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UN OCHA) կողմից աշխարհին ուղղված աջակցության կոչին:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նվիրատվությունն իրականացվում է «Հայերը՝ Նեպալին» խորագրով մարդասիրական ակցիայի շրջանակում, որով կոչ է արվում հայկական կազմակերպություններին միանալ նախաձեռնությանը և աջակցել երկրաշարժից տուժած երեխաներին օգնելու UNICEF-ի ջանքերին:
IDeA հիմնադրամի և «100 LIVES»-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, մեկնաբանելով նախաձեռնությունը, նշել է. «Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը զգալի վնաս է պատճառել հարուստ պատմություն ունեցող այդ երկրին: Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են այդ ահավոր աղետից: 100 LIVES-ը նախաձեռնվել է որպես մարդասիրական նախագիծ, և մենք չենք կարող անտարբեր լինել, երբ մարդիկ տառապում են: Հենց նման դեպքերում են դրսևորվում մարդկային ոգու լավագույն հատկությունները, և ես ողջ աշխարհի հայերին հորդորում եմ միանալ նախաձեռնությանն ու իրենց աջակցությունը ցուցաբերել տուժածներին»:
«Մեր ժողովուրդը շատ լավ է ծանոթ նման աղետների պատճառած ցավին, և գիտի նաև գնահատել օգնության մեկնած ձեռքը: Մենք միշտ շնորհակալ ենք եղել բոլոր նրանց, ովքեր օգնեցին մեզ 1988թ. աղետալի երկրաշարժի ժամանակ: Ողջ աշխարհն է աջակցում Նեպալի ժողովրդին, և մենք նույնպես անմասն չենք կարող մնալ: Այդ իսկ պատճառով որոշեցինք գումարը փոխանցել UNICEF-ին, որն օգնում է երկրաշարժից տուժած երեխաներին»,- նշել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը:
Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար հնարավոր է ուղիղ նվիրատվություն կատարել՝ այցելելով ՄԱԿ-ի կողմից հայտարարված՝ FLASH APPEAL ON NEPAL RESPONS-ի կայք՝ http://www.unocha.org/cerf/our-donors/how-donate:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան