«Գնացեք մի օրենք էլ մարմնավաճառների համար բերեք». Արամ Մանուկյան
ՀՀ Ազգային ժողովում «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ այս և հարկերի մասին մի քանի այլ օրենքներ «ծածկադմփոցով» են բերվել ԱԺ:
Պատգամավորի խոսքերով՝ այդ օրենքները, որոնք բերվել են ԱԺ միայն երեկ, առաջին տեղում են հայտնվել ու արդեն դրվել են քննարկման:
«Սա նշանակում է, որ խնդիրը դրված է այսպես, որ խորհրդարանը չհասցնի մանրամասն քննարկել: Դուք ասում եք՝ ապրիլից օրենքի նախագծերը կան, ճիշտ եք ասում, բայց ոչ մի պատգամավոր չի կարող 170 օրենքն էլ նայել ու եզրակացություն ներկայացնել միանգամից`մենք նայում ենք առաջին հերթին այն նախագծերը, որոնք օրակարգում են ընդգրկված»,- նշեց Ա.Մանուկյանը և հավելեց. «Հովիկ Աբրահամյանը որ էստեղ էր, Տիգրան Սարգսյանին սպանդի էին ենթարկում նման խախտումների համար: Հիմա ԱԺ նախագահը գնաց կառավարություն, անում է նույն բանը, ինչի համար ինքը Տիգրան Սարգսյանին մեղադրում էր: Ես ՀՀԿ իմ ծանոթ ընկերներին հարցրել եմ, էս մարդիկ էլ տեղյակ չեն այս օրենքից: Կառավարությունը ոչ միայն արհամարհում է ընդդիմությանը, այլև իր կուսակիցներին էլ է անհարմար վիճակի մեջ դնում: Այս նախագիծը լուրջ, հեղափոխական նախագիծ է, որը վերաբերում է մի ամբողջ զանգվածի, որն ամեն տարի գնում է արտերկիր՝ աշխատելու»:
Նրա խոսքերով՝ մոտ 100 հազար մարդ տարեկան գնում է աշխատելու, որոնցից 50 հազարը հետ են գալիս: Այս օրենքն ընդունելու դեպքում այդ 50 հազարը հետ չեն գալու այլևս: «Ի վերջո, այդ մարդիկ փախել են մեր իրականությունից, օրենքներից, աշխատանք չունենալուց, մեր կառավարության տնտեսական քաղաքականությունից: Հիմա՝ մենք նրանց ասում ենք՝ գնա, բայց վերջին կոստյումդ էլ հանելու են ու հետո նոր ես գնալու: Մենք նրանց մոտ քաղաքացիությունից հրաժարվելու ցանկություն ենք առաջացնելու: Սրա համար ենք ասում, որ այս օրենքը կարող է արտագաղթին նպաստել»,- ասաց Արամ Մանուկյանը:
Պատգամավորը նշեց նաև, որ իշխանություններից լսում է, թե միգրացիոն հոսքերը պետք է կարգավորել, սակայն ոչ թե պետք է այդ հոսքերը կարգավորել, այլ պայմաններ ստեղծել, որ մարդիկ չգնան: «27 000 մարդ այս տարի գնացել է: Եթե այս օրենքն աշխատի, կտեսնեք, թե ինչ է կատարվելու: Ես նույնիսկ արդեն գիտեմ այն անուն-ազգանունները, որոնք ստեղծելու են այդ ռեզիդենտ կազմակերպությունները: Արդյունքում՝ ստեղծվելու են հանրապետական փոդրաթչիներ, մի քանի իրավաբանական անձինք մոնոպոլիստների կողմից»,- նշեց Ա.Մանուկյանը:
Նրա խոսքերով՝ այս օրենքի անհրաժեշտությունը առաջացել է, քանի որ վերջին տարվա ընթացքում 191 հազար մարդով աշխատանքային ռեսուրսը նվազել է: Այսինքն՝ 2013-ին եղել է 2 մլն 226 հազար, 2014-ին՝ 2 մլն 135 հազար: Հաջորդը վերաբերում է զբաղվածությանը: Ըստ Ա.Մանուկյանի՝ 2014-ին 2013-ի համեմատ զբաղվածությունը պակասել է 1,5 տոկոսով: Պաշտոնական տվյալներով՝ գործազրկությունը 2013թ-ին եղել է 16,2 տոկոս, 2014-ին՝ 17,6%:
«Պարզ է, որ այս վիճակն է մարդկանց ստիպել դուրս գալ: Սա լիբերալ մոտեցում չէ, որտե՞ղ է մարդու ազատ աշխատելու հնարավորությունը: Հաջորդ բիզնեսն էլ ասեմ՝ արեք. մարմնավաճառներ են Հայաստանից դուրս գալիս և փող են աշխատում, լավ բիզնես ա, գնացեք, օրենք բերեք սրա համար»,- եզրափակեց Ա.Մանուկյանը: