Վարչապետը նախարարներին հորդորեց օրենսդրական նախագծերը ԱԺ-ում ներկայացնեն ճիշտ, բաց և թափանցիկ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելուց առնվազն մեկ շաբաթ առաջ պատգամավորներին ներկայացնել քննարկվելիք օրենսդրական նածխագծերը:
«Արտահերթ նստաշրջանները հրավիրելիս բաց ունենք: Պատգամավորներին ուշ են ուղարկվում նախագծերը և նրանք ծանոթ չեն դրանց: Հանձնարարում եմ, որ ուշադիր լինեք և գոնե պատգամավորները մեկ շաբաթ ժամանակ ունենան նախագծերին ծանոթանալու համար: Ճիշտ է, մենք ունենք նաև հրատապ խնդիրներ, նախագծեր, բայց դա նաև ավելորդ խոսակցությունների տեղիք է տալիս: Այս հարցով խնդրում եմ, որ ուշադիր լինեք»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Միաժամանակ, կառավարության ղեկավարը հանձնարարեց բոլոր գերատեսչությունների մամուլի ծառայությունների ղեկավարներին՝ կառավարության Տեղեկատվության և վերլուծության կենտրոնի տնօրենի համակարգմամբ հանրությանը լայնորեն ներկայացնել ԱԺ-ում քննարկվող նախագծերը:
«Մենք ունենք բաց, որի մասին ես միշտ խոսել եմ: Օրինակ, վերջերս Ազգային ժողովում ներկայացրեցինք Եկամտահարկի մասին օրենքը: Այն, ինչի մասին օրենքում խոսվում էր, գրված էր, դրա մասին պատգամավորների մի մասն ընդհանրապես չէր խոսում, կարծես խոսում էին այլ նախագծի մասին: Ես դա կապում եմ երկու խնդրի հետ: Առաջին՝ մենք վատ ենք ներկայացնում, երկրորդ՝ տվյալ պատգամավորը ծանոթ չէ օրենքի նախագծին, այն չի կարդացել: Այդ պատասխանատվությունը ես ցանկանում եմ վերցնել մեզ վրա: Մենք պետք է ճիշտ, բաց, թափանցիկ ներկայացնենք դրանք, որպեսզի պատգամավորներն ընկալեն»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը հանձնարարեց բոլոր նախարարներին և փոխնախարարներին՝ ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելիս լինել ուշադիր: Այս հարցը, վարչապետի խոսքով, կառավարության համար կարևոր է և իրենք ցանկանում են այս ուղղությամբ համագործակցությունն ԱԺ-ի հետ դնել ավելի արդյունավետ հիմքերի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին