Վերջին զանգը՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում (տեսանյութ, լուսանկարներ)
«Այսօրվա արարողությունն առանձնահատուկ խորհուրդ ունի՝ ուղղված հայրենիքի սահմանների պաշտպանության իրականացմանը»,- ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում «Վերջին զանգի» հանդիսավոր արարողության ժամանակ վարժարանի շրջանավարտներին ուղղված շնորհավորական ուղերձում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Այս տարիների ընթացքում դուք ձեր մեջ ներառել եք Մոնթեի հատկանիշները, որոնք պետք են գալու ձեզ ողջ կյանքի ընթացքում: Վարժարանի մանկավարժական կոլեկտիվի, ուսուցիչների, հրամանատարական կազմի ջանքերի շնորհիվ դուք ձեռք եք բերել համապատասխան և կրթություն, և դաստիարակության մակարդակ»,-ասաց նախարարը՝ շեշտելով, որ իր առաջին շնորհակալական խոսքը ցանկանում է ուղղել վարժարանի մանկավարժներին:
Ս. Օհանյանն ասաց, որ վարժարանն ավարտած շատ-շատ սաներ այսօր հանրապետության զորամասերում, ոչ միայն զորամասերի հրամանատարներ են, այլև զորամիավորումների հրամանատարների տեղակալների պաշտոններ են ստանձնել և հավակնություն ունեն դրանց հրամանատարներ դառնալու:
«ՀՀ պաշտպանական քաղաքականության իրականացման շրջանակներում այսօր արդեն իսկ ուսումնական հաստատությունները լիարժեք ներգրավվել են և դրա հետ մեկտեղ դպրոցներն ունեն ռազմահայրենասիրական այնպիսի մակարդակ, որ բանակի հրամանատարության համար շատ դեպքերում չափազանց դյուրին է լինում պատրաստված, կրթված անձնավորությանը սովորեցնել զինվորական մասնագիտությանը»,-ասաց Ս. Օհանյանը:
Արարողությանը ներկա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ իր խոսքում նշեց, որ ռազմական հաստատության այս սաներին տեսել է քննական կենտրոններ այցելելիս, ովքեր քաղաքացիական դիմորդների կողքին տարբերվել են իրենց կոկիկ կեցվածքով. «Կցանկանամ, որ բոլոր ուսումնական հաստատություններում կրթությունը լիներ նման կերպ բարձր կարգապահությամբ ու ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Բարի երթ ձեզ սիրելի կուրսանտներ»:
Վարժարանի պետ, գնդապետ Ոսկանյանն էլ հայտնեց, որ այսօր 69 շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը և որ այդ շրջանավարտներից 65-ը ուսումը շարունակելու են ռազմական ուսումնական հաստատություններում:
Շնորհավորական ելույթներից հետո տոնական տրամադրությունը շարունակվեց շրջանավարտների ավարտական վալսով և վարժարանի սաների ցուցադրական ելույթներով:
Ավարտական վալսն ու ցուցադրական ելույթները՝ տեսանյութում և լուսանկարներում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ