ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առավելապես կախված է հակամարտության կողմերից
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ հակամարտության կողմերից: Նման բովանդակությամբ ձևակերպում է տեղ գտել ՌԴ Արտաքին գործերի նախարարության կողմից Ադրբեջանի արտգործնախարարի Մոսկվա կատարելիք այցի հետ կապված գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
«Ռուսաստանը հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր արդեն մոտ երկու տասնամյակ շարունակում է ակտիվ դերակատարություն ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Հաշվի առնելով աշխարհագրական հարևանությունը և մեր ժողովրդների ընդհանուր պատմությունը, հակամարտության հանգուցալուծումն ունի մեզ համար առաջնային նշանակություն և դասվում է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքին:
Հարկ է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է օգնել, հանգուցալուծման տարբերակներ առաջարկել, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ հակամարտության կողմերից: Ոչ կողմերը, ոչ միջնորդները չպետք է հույսները դնեն, թե ինչ-որ տեղից կհայտնվեն ղարաբաղյան հակամարտության ակնթարթային լուծման «կախարդական դեղատոմսեր: Սա այն ճանապարհն է, որը պետք է հաղթահարի անցնողը»»,- նշված է հայտարարության մեջ:
Հաղորդագրության մեջ նաև հակիրճ անդրադարձ է կատարված ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններին և վերջիններիս հետագա զարգացմանը: