Սյունիքի մարզում արտակարգ իրավիճակ չկա. Վստահ է նախարար Երիցյանը
«Սյունիքի մարզում արտակարգ իրավիճակ չկա: Կա հանցագործության դեպք, իրավապահ մարմինները կբացահայտեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Սյունիքի մարզում արտակարգ իրավիճակ չի ստեղծվել՝ որոշ ժամանակ առաջ Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ տեղի ունեցավ ծեծկռտուք, մի քանի օր առաջ էլ կրակեցին մարզպետի մեքենայի վրա:
Նախարարը ծեծկռուքի հետ կապված ասաց, որ տեղի է ունեցել խուլիգանություն, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրավապ մարմինները զբաղվում են այս դեպքով:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Գորիսում Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով տարբեր վնասվածքներ էին ստացել Հարություն և Մուշեղ Զաքարյանները: Վերջինները նախաքննության շրջանակներում ճանաչվել են տուժողներ:
Մարզպետի մեքենայի ուղղությամբ կրակելու դեպքով Ա. Երիցյանն ասաց. «Ինչ վերաբերում է հանցագործության դեպքին, որ տեղի է ունեցել մեր մարզպետի նկատմամբ, այս ուղղությամբ քրեական գործ է հարուցված: Կարծում եմ՝ մեր իրավապահներն ամեն ինչ կանեն, որ դեպքը բացահայտվի»:
Սուրիկ Խաչատրյանի «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ մայիսի 20-ին կրակահերթն արձակվել էր Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում: Ավտոմեքենայի մեջ եղել են Սուրիկ Խաչատրյանը և ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 19 պարկուճ, 3 գնդակի միջուկ։ Քրեական գործով մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ, հարցաքննվել և հարցաքննվում են մի շարք անձինք։ Սյունիքի մարզպետի և ավտոմեքենայի մեջ գտնված մյուս, ինչպես նաև քրեական գործով հարցաքննված մի քանի այլ անձանցից վերցվել են փորձանմուշներ և կրակոցների արգասիքների հետքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։