Կարելի է ունենալ հրաշալի արդար ընտրություններ և բացարձակապես չունենալ ժողովրդավարություն. Դավիթ Հարությունյան
«Մենք փորձում ենք խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու պարագայում մշակել այն բոլոր մեխանիզմները, որոնք թույլ կտան հանելու մտահոգությունները»,-այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցին:
Նրա խոսքերով՝ համարելով խորհրդարանական կառավարման համակարգը ավելի ժողովրդավար, ավելի կայուն, փորձում են ստանալ առավելագույնը, սակայն դեռ չեն կարող ասել, դա կհաջողվի, թե ոչ:
Լրագրողի դիտարկմանը, թե ժողովրդավար համակարգը նաև ավելի շատ ազատ, արդար ընտրություններից է կախված, այսինքն՝ նախագահական կառավարման համակարգի դեպքում հնարավոր չէ՞ ժողովրդավարություն լինի, Դ.Հարությունյանը պատասխանեց, որ ժողովրդավարություն կարող է լինել ցանկացած համակարգում:
«Կարելի է ունենալ հրաշալի արդար ընտրություններ և բացարձակապես չունենալ ժողովրդավարություն: Այսինքն՝ սա անհրաժեշտ, բայց ավաղ ոչ բավարար պայման է»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ նախագահական կառավարման համակարգը իր դրական և բացասական կողմերով հանդերձ ունի առանձնահատկություններ: Կարևորը, ըստ նրա ճիշտ գնահատելն է:
«Իմ կարծիքով՝ ակնհայտ է, որ կիսանախագահական մոդելն ունի պոտենցիալ վտանգ պարունակող թերություններ, բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ ունենալ արդյունավետ կառավարվող երկիր: Իհարկե, հնարավոր է: բայց եթե չունես, մտածում ես՝ ինչպիսի մեխանիզմ դնես, որպեսզի այն դառնա արդյունավետ»,- ասաց նա:
Հարցին, թե որքանով է հնարավոր համարում, որ իշխանությունները կընտրեն գործող համակարգի պահպանման տարբերակը, Դ.Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ բացառում»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ