Պետք է մտածել ոչ թե իշխանություն-ընդիմություն պայքարի, այլ երրորդ հանրապետությունը հզորացնելու մասին. պատմաբան
Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը հետևանք էր դիվանագիտական և ռազմական գործընթացների: Ցանկացած դիվանագիտական հաջողության գրավականը ռազմական հաջողությունն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաբան Աշոտ Ներսիսյանն՝ անդրադառնալով մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրվան:
Պատմաբանի խոսքերով, այսօր անկախության գաղափարը ոտնահարվել է. «Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը մենք համարում ենք առաջին հանրապետության իրավահաջորդ, չնայած որ կան շատ տարբերություններ»:
Ա. Ներսիսյանն ընդգծեց, որ այն ժամանակ Հայաստանը դարձել էր կովկասյան Շվեյցարիա. «Հիմա մենք անկախության գաղափարի ոտնահարման վտանգի տակ ենք գտնվում: Իհարկե այն ժամանակ էլ էին սխալվում, սակայն այն ժամանակվա քաղաքական փորձը հիմա պետք է լինի մեր քաղաքականության համար ուսանելի»:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն էլ ներկայացնելով Մայիսյան հերոսամարտերի պատմությունն ու խորհուրդն ասաց, որ այս ամենի մեջ անտեսվում է երկու մեծ հաղթանակ՝ մայիսի 5-ին Թալինի բերդի գրավումը, և Շիրակի գյուղերի գրավումը:
ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ նկատեց, որ այդ հաղթանակները ցույց տվեցին, որ մեզ անկախությունը երբեք սկուտեղի վրա չի մատուցվել, այն միշտ ձեռք է բերվել, պայքարով, կենաց ու մահու կռվով. «Մենք սովորություն ունենք պատմության դասերը սերտել, բայց դրանք չօգտագործել»:
Ամփոփելով ասուլիսը՝ պատմաբան Աշոտ Ներսիսյանն ավելացրեց, որ պետք է մտածել ոչ թե իշխանություն-ընդիմություն պայքարի մասին, այլ երրորդ հանրապետությունը հզորացնելու մասին: