Սեյրան Օհանյան. Մայիսին սահմանային լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացել է
ՊՆ վարչական համալիրում այսօր կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությունը նվիրված էր 2015 թ. մայիս ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների, առաջիկա անելիքների և միջոցառումների քննարկմանը:
Ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվում սահմանային լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացել է՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկաներին հորդորել է չտրվել հարաբերական անդորրի խաբուսիկ գայթակղությանը և լուրջ ուշադրություն դարձնել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատարելագործման միջոցառումներին: Նախարարը կոչ է արել առավել կենտրոնացնել ջանքերը՝ հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար:
Խորհրդակցության մասնակիցների ուշադրության կենտրոնում էին նաև առաջիկայում անցկացվելիք զորավարժությունների, ռազմամարզական հավաքների կազմակերպչական խնդիրները, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հարցերը, պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի, 2016-2020թթ. Զարգացման պլանի շրջանակում կատարվող աշխատանքները, որոնց վերաբերյալ հակիրճ զեկույցներ ներկայացրին պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ,պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից հատուկ ցուցում է տրվել նաև ռազմական ոստիկանության աշխատակիցներին՝ զինծառայողների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները մանրակրկիտ ուսումնասիրելու, համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ տանելու, ինչպես նաև զինծառայողների կողմից համազգեստի կրման կանոնները խստորեն պահպանելու ու վերահսկելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին