Հանրապետության տոնին նվիրված միջոցառում Բեյրութում
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի քարոզչական մարմնի նախաձեռնությամբ նախօրեին Բեյրութի «Հովհաննես Պողոսյան» սրահում տեղի է ունեցել Հանրապետության տոնին նվիրված միջոցառում:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառումը բացել է քարոզչական մարմնի անդամ Հուրի Փափազյան-Էմմիյանը, ով շեշտել է անկախության անշրջելի արժեքը` ընդգծելով, որ հայ ժողովրդի համար անկախությունը վերապրելու կամքի դրսևորում է: ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության և ՀՅԴ ԶՈՄ-ի խոսքը փոխանցել են Հարութ Լափաճյանը և Արևիկ Փափազյանը, ովքեր խոսել են հայ ժողովրդի անցած դժվարին ուղու մասին` կարևորելով մայիսի 28-ի արժեքը, ինչը հայրենիքից հեռու ապրող սերունդների համար ազգային դաստիարակության լուսավոր դպրոց է: ՔԱՀԼ-ի տնօրեն Սեպուհ Թերզյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի իր ազգային կոչումը, պատկանելիությունն ու ազգային արժանապատվությունը՝ հավատարիմ մնալով ազգային արժեքներին` լեզվին, պատմությանը, մշակույթին և ավանդույթներին:
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է հայ ժողովրդի` հանուն ազատության մղվող պայքարի պատմությանը, նշել, որ չնայած հայրենազրկման, հնամյա մշակույթի ոչնչացման փորձերին` մեր հանդեպ կատարված ոճռագործություններին, հայ ժողովուրդը, որպես հավաքական ազգ և իբրև պետություն, ուժ գտավ` վերադառնալու միջազգային քաղաքական բեմ և շարունակելու հավերժական ընթացքը:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին` դեսպանը նշել է հայ ժողովրդի միասնականության և համախմբվածության հանգամանքը, ինչը հիմք է և երաշխիք ապագա նվաճումների և հաղթանակների համար:
Նա ընդգծել է, որ 100 տարի անց, ոգեկոչելով անմեղ զոհերին, հայ ժողովուրդը համայն աշխարհին ներկայանում է անկախ պետությամբ, ազատ Արցախով, հայապահպանության և հանուն Հայաստանի զարգացման արժեքներով ապրող կենսունակ սփյուռքով: Դեսպանը բարձր է գնահատել լիբանանահայության ազգանվեր և հայապահպան գործունեությունը, որը, պահպանելով հարուստ ազգային մշակույթն ու արժեքները, տարբեր ծրագրերի միջոցով նպաստում է Հայաստանի և Արցախի զարգացմանն ու հզորացմանը:
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Կարաքավորյանն իր խոսքում կարևորել է մայիսյան հաղթանակներն ու նվաճումները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող Համահայկական հռչակագրի ընդունումը:
Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկելդաշնակահար Գի Մանուկյանը և ազատամարտիկ, երգիչ Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչ):