Հուլիսի 1-ին մեկնարկում է ամառային զորակոչը
Հանրապետության տարածքային զինկոմիսարիատներից հուլիսի 1-ին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները. մեկնարկում է ամառային զորակոչը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ աղբյուրի, զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ վերջին տարիներին առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը: Զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ ապահովելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կկատարվի վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն կընձեռի առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները և անօրինական գործողությունները:
ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:
«ՀՀ զինված ուժերում ծառայելը և սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին` նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ: Ուստի կոչ ենք անում ողջ ազգաբնակչությանը սատարել համապետական նշանակության այս միջոցառման իրականացմանը՝ զերծ մնալով զանցանքներից», նշված է վարչության հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին