Այս բողոքից հետո այլևս նիրհ չի լինելու. Արվեստագետները` ակցիայի մասին
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ ընթացող բողոքի ակցիան մեկ անգամ ևս ցույց տվեց, որ մարդիկ այլևս չեն կարողանում հանդուրժել այս իրավիճակը և ի վերջո դուրս եկան պայքարելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը:
Նա խոսքերով՝ այս պայքարն արդարացված է. «Զարմացա, որ երբ գազի սակագինը բարձրացավ, այս նույն էֆեկտը չեղավ: Միանշանակ ապուշին էլ է պարզ՝ մի երկիր, որ ատոմակայան ունի, էլեկտրաէներգիա է վաճառում Վրաստանին և այնտեղ ավելի էժան է, քան մեր երկրում, հասկանալի է, որ ինչ-որ մի տեղ գողանում են: Մենք տեսնում ենք, թե ինչ դղյակներ են կառուցում»:
Ս. Շահվերդյանը հավելեց, միանշանակ միայն ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը չէ մեղավոր ստեղծված իրավիճակում. «Կարծում եմ, որ նա նույնիսկ կարող է քավության նոխազ դառնալ»:
Անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը՝ ռեժիսորն ասաց, որ այդ ելույթից հետո հասկանալի էր՝ առանձնապես ոչինչ տեղի չի ունենալու աուդիտից հետո. «Մենք չենք հավատում, չենք վստահում, քանի որ բաժակը լցվել է, ակնհայտ աղքատություն է, արտագաղթ և ոչ մի լավ սպասելիք չկա»:
Այդուհանդերձ, նա վստահ է, որ այս խնդիրն ի վերջո լուծում կստանա, քանի որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը բոլորն են դեմ, բոլորն են հասկանում, որ այսպես չի կարող շարունակվել: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր գովերգում են իշխանություններին, նրանք նույնպես դեմ են. «Վստահեցնում եմ, որ Բաղրամյան պողոտայում կանգնած ոստիկանները ներքին ուրախությամբ ու սիմպատիայով լցված են մեր նկատմամբ: Այս շարժմանը բոլորը կողմ են»:
Ասուլիսի մեկ այլ բանախոս երգահան Լիլիթ Պիպոյանը կարծում է, որ մեր երիտասարդները ծայրահեղ հոռետեսությամբ են լցված և 95 տոկոսն ուզում է հեռանալ երկրից. «Փառք Աստծո, նրանք գտան պատճառ և առիթ փողոց դուրս գալու և իրենց բողոքը արտահայտելու: Ես չգիտեմ՝ ինչպիսի զարգացումներ կլինեն, քանի որ մենք 7 օրվա բողոքի դիմաց նորից ստացանք խոստում: Թե որքանով արդյունավետ կլինի այդ աուդիտը, որքանով կբացահայտվեն չարաշահումները, դա ժամանակը ցույց կտա: Այդուհանդերձ, կարծում եմ, որ այս բողոքից հետո այլևս նիրհ չի լինելու և կարճ ժամանակ հետո ավելի սուր կերպով պահանջը կդրվի աուդիտի արդյունքների ու բազմաթիվ այլ խնդիրների համար»:
Միաժամանակ երգահանը նշեց, չի կարծում երկար ժամանակ Բաղրամյան պողոտան փակ կմնա, քանի որ ակցիայի դադարի բոլոր միտումները կան:
Մինչդեռ Ս. Շահվերդյանն ափսոսում է դրա համար. «Ես կցանկանայի, որ Բաղրամյանից այդ ամենը շարունակվի դեպի ուրիշ փողոցներ, քանի որ հասկանում եմ, այս ագրեսիվ պայքարն է ինչ-որ բանի հասնելու միջոցը»:
Ռեժիսորի խոսքերով՝ ՀՀ բնակչության 95 տոկոսը այս կառավարությանը չի վստահում, ուստի այլևս չի կարողանում հանդուրժել. «Ուրեմն թող փակեն փողոցները, ի՞նչ վնասներ են կրում, որ այդ փողոցները փակում են: Տարիներով, ամիսներով անորակ ասֆալտապատման համար փողոցներ են փակում և երկու ամիս հետո նույն արդյունքն է»:
Հարցին, թե եթե աուդիտը ցույց տա, որ սակագնի թանկացումն արդարացված է, այդ դեպքում երիտասարդները կրկին ոտքի կկանգե՞ն, արվեստագետները պատասխանեցին. «Իհարկե ոտքի կկանգնեն և այս անգամ ավելի մեծ թվով մարդիկ դուրս կգան փողոց»:
Սուրեն Շահվերդյանն էլ ավելացրեց. «Բազմաթիվ միջոցներ կան, որոնց պետք է դիմել, որպեսզի հասկանան, մենք կրկես դարձնելու երկիր չունենք»: