Հիմնանորոգվում է Լոռու մարզի 10-ը գյուղական համայնքներն իրար կապող ճանապարհը
Լոռու մարզի գյուղական 10-ը համայնքներ մինչև հաջորդ տարի կունենան նոր, հիմնովին նորոգված ճանապարհներ: 39,6 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներում արդեն ավարտվել են հողային հին պաստառի հեռացման և ճանապարհի հարթեցման աշխատանքները, նոր ջրահեռացման համակարգերի տեղադրելու համար փորվել են ճանապարհամերձ հատվածները: Կառուցվում է նոր համակարգ՝ անձրևաջրերը ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացնելու համար: Հայտնում են տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Խաչհար» ՍՊԸ-ի փոխտնօրեն Միհրան Զաքարյանի խոսքով՝ ջրահեռացման համակարգի նորոգումը մոտ 80-90 տոկոսով արդեն ավարտված է: Նախապատրաստական աշխատանքներ են կատարվում ճանապարհային ծածկ կառուցելու համար։ Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար ընկերությունը ձեռք է բերել անգլիական արտադրության ճանապարհաշինական տեխնիկա: Այն մի մեծ գործարան է անիվների վրա՝ բաղկացած երեք հիմնական մասերից:
Առաջինը ջարդում և խիճ է դարձնում էքսկավատորից լցված մեծ քարերը, երկրորդն առանձնացնում է մանր ու միջին չափի խիճը, երրորդը մաղում է ավազը:
Ճանապարհի վերակառուցման ընդհանուր արժեքը 3,5 մլրդ դրամ է, վերակառուցվող հատվածների ընդհանուր երկարությունը՝ 39,6կմ: Շինաշխատանքներն համաֆինանսավորվել են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից:
«Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով նախատեսված աշխատանքների վերջնաժամկետը մինչև 2016թ. նոյմեբերն է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը նշեց, որ ծրագիրը նախատեսված է իրականցնել 2 տարվա ընթացքում, որոշում է կայացվել, որ ոչ որակի, այլ՝ արհեստավարժության հաշվին, աշխատանքները իրականացնեն մեկ տարում. «Այսինքն՝ նախատեսում ենք 2 տարվա ծրագիրը կատարել այս տարի»: Սա հնարավոր է. հավաստիացնում են նաև ճանապարհաշինական ընկերությունների ներկայացուցիչները:
Վերակառուցումից հետո Լոռու մարզի գյուղական 10-ը համայնքներով անցնող ասֆալտապատ ճանապարհի մի ծայրը կմիանա Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղուն, մյուսը՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր միջպետական ճանապարհին: Այստեղ ևս աշխատանքներն ընթանում են բուռն թափով: Վերակառուցվող ճանապարհի երկարությունը 3,9կմ է: Ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
Լոռիում ճանապարհաշինական ակտիվ տարի է սպասվում նաև 2016-ին: Նախատեսվում է վերակառուցել Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման 92կմ երկարությամբ ճանապարհահատվածը՝ ներառյալ 3 թունելներն ու կամուրջները: Այս պահին պատրաստ է ճանապարհի նախագծի նախնական տարբերակը, բանակցություններ են տարվում Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին