Հայերը չեն վախենում մեկնել Հունաստան
Դեֆոլտի խնդրի առջև կանգնած Եվրոպական միության անդամ Հունաստանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները չեն վախեցնում Հայաստանից մեկնող հայերին:
Նշենք, որ Հունաստանն այս օրերին անհանգիստ է. տնտեսական ճգնաժամ ապրող այդ երկրի մայրաքաղաք Աթենքում բողոքի խոշոր ակցիաներ են տեղի ունեցել, որոնց, ըստ ТАСС-ի, մասնակցել է 27 հազարից ավել մարդ: Կիրակի, հուլիսի 5-ին, Հունաստանում հանրաքվե է անցկացնելու, որի ժամանակ ժողովուրդը պետք է իր կարծիքը հայտնի արտաքին ֆինանսական օգնության տրամադրման վերաբերյալ:
Հունական ճգնաժամը, ըստ հունական Ekathimerini թերթի, վախեցրել է Հունաստանի ծովափնյա շրջաններ այցելելու մտադրություն ունեցող պոտենցիալ զբոսաշրջիկներին: Ավելին, Հունաստանի տուրիստական ընկերությունների ասոցիացիայի նախագահ Անդրեաս Անդրեադիսը հայտարարել է, որ վերջին իրադարձությունների հետևանքով, Հունաստանի հյուրանոցների նախապես արված պատվերները 50 հազարով կրճատվել են
Այնուամենայնիվ, Հայաստանից դեպի Հունաստան տուրիստական փաթեթներ տրամադրող երկու մասնագիտացված տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրին, որ այդ երկրում վիճակն այնքան էլ ծանր չէ, ինչպես ներկայացվում է և վախեր ունենալու կարիք չկա:
«Ոչ մի անկարգություններ չկան այդ երկրում, ամեն ինչ հանգիստ է, նորմալ է: Իսկ եթե որևէ անհանգստություն էլ կա, ապա դա Աթենքի կենտրունում է և դա Հունաստանի կուռորտային վայրերին, ասենք Կրետեին չի վերաբերում», մեզ հետ զրույցում ասաց տուրիստական ընկերություններից մեկի ներկայացուցիչը:
Տուրիստական երկու ընկերություններությունների ներկայացուցիչները պնդեցին, որ դեպի Հունաստան գնված զբոսաշրջային փաթեթների վերադարձ չի եղել: