ՀՀ Սահմանադրության օրն է
Հայաստանում հուլիսի 5-ին նշում են երկրի մայր օրենքի ` ՀՀ Սահմանադրության օրը:
1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,- նշված է ՀՀ Սահմանադրության սկզբում:
Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության նախագահին վերապահված լայն լիազորություններով։
2001թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։
Նշենք, որ Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ են եղել սահմանադրական նոր բարեփոխումների: Այժմ քննարկվում է սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն ավելի վաղ ասել էր, որ հուլիս ամսին կկարողանան ունենալ ամբողջական նախագիծ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ