ՀՀ-ում կարևորում են Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Սիրիայի ԺԺ նախագահի ջանքերը
Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանն իր զրուցակցին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական ուղերձը: Երախտագիտություն հայտնելով ուղերձի համար` ալ-Լահամը խիստ կարևորել է իր մասնակցությունը 2015թ. ապրիլին Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Բարձր գնահատելով ԺԺ նախագահի մասնակցությունը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին` դեսպան Փոլադյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում մեծապես կարևորում են Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Սիրիայի ԺԺ նախագահի ջանքերը:
Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանն ու Սիրիայի օրենսդիր մարմնի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: