Գագիկ Գինոսյան. Պայքարի ամեն մի ձև իր ազդեցությունն է ունենում
«Ամեն մարդ ինքն է որոշում իր պայքարի ձևը: Ես ինքս փողոցային մարդ չեմ, բայց միշտ գտնվում էի Բաղրամյան պողոտայում այն պատճառով, որ զգում էի ազգի մեջ ցավ կա, չլուծված խնդիր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյան՝ խոսելով Բաղրամյան պողոտայում տաս օրից ավել շարունակվող նստացուցի, մասնավորապես վերջին օրերին այն շարունակելու արդարացված լինելու մասին:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին տասնյակ ցուցարարների հետ ոստիկանները բերման էին ենթարկել նաև Գ. Գինոսյանին:
«Կազմակերպիչ չեմ եղել, չգիտեմ՝ կազմակերպիչների նկատառումները, ընտրած ռազմավարություններ, չեմ կարող ասել ի՞նչ էին նախատեսել, ինչո՞ւ էին շարունակում փակ պահել պողոտան»,- նշեց նա:
Գ. Գինոսյանի խոսքով, պայքարի ամեն մի ձև իր ազդեցությունն է ունենում. «Հնարավոր է պայքարը փողոցային չլինի, բայց ավելի համառ ու շարունակական, արդյունքը՝ ավելի լավ: Պայքարը վարողների հոգեբանական տրամադրվածությունից է, թե իրենք պայքարի ինչ ճանապարհ են ընտրում: Դա նաև մարդու խառվածքից է կախված. մեկը փողոցային պայքարի մեջ է իր դիրքորոշումն ավելի հզոր տեսնում, մյուսն էլ ավելի գաղափարական, վերլուծական ճնշումներ գործադրելով»: