Այս պայքարը Հայաստանի քաղաքացիների 80 տոկոսի կյանքի հարցն է. Լևոն Շիրինյան
Եթե երկրի տնտեսական, քաղաքական, հոգևոր, մշակութային և այլ ոլորտներում ստրատեգիան չի փոխվում, ապա մենք դատապարտված ենք ցույցերի, գործադուլների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ընթացող բողոքի ակցիային:
Նրա խոսքերով՝ այսօր ունենք արտագաղթող Հայաստան, բայց պետք է դառնա ներգաղթող Հայաստան հայրենիք. «Դրա համար քաղաքական, տնտեսական կուրսը պետք է փոխվի»:
Անդրադառնալով էներգետիկ համակարգին, Լ.Շիրինյանն ասաց, որ էներգետիկայի նախարարությունը պետք է լոկոմոտիվի դեր խաղա տնտեսության համար, սակայն ՀՀ էներգետիկայի նախարարությունը դարձել է մի տանիք, որի տակ այս կամ այն կերպ կողոպուտ է կազմակերպվում:
«Այդ տանիքի տակ է գործում նաև ՀԷՑ-ը, որտեղ մարդիկ անհասկանալի միջոցներով ունենում են բարձր եկամուտներ: Կարծում եմ` այս պայքարը ոչ թե պետք է կրեր «ո՛չ թալանին», այլ «վերջ կողոպուտին» կարգախոսը»,- նշեց Լ. Շիրինյանը:
Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայի ակցիային, քաղաքագետը գտնում է, որ երկար ժամանակ չի կարելի սոցիալական հարցի պայքարը պահել՝ առանց քաղաքակացնելու:
«Եթե հարցը չքաղաքականացվի, ապա պայքարը վերածվելու է հոգնեցնող, մաշվող մի երևույթի, որի արդյունքում ոչ մի հարց չի լուծելու»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ եթե ներկա պայքարը քաղաքացիական սեկտորով գնա, չի կարող մեծ արդյունավետություն ունենալ:
Ըստ նրա՝ երբ հայտարարում են, թե շարժմանը ղեկավարներ, լիդերներ, առաջնորդներ պետք չեն, դա սխալ է. «Պետք չեն կաշառված լիդերներ, առաջնորդներ, գործակալներ, օտարի կյանքով հմայված լիդերներ: Մեզ պետք են հավաքական լիդերներ»:
Նրա խոսքերով` իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի պայքարը ձգձգեն, հոգնեցնեն ու մաշեցնեն ամեն ինչ. «Բայց իշխանությունների հաշվարկի մեջ մի սխալ կա. այս պայքարը Հայաստանի քաղաքացիների 80 տոկոսի կյանքի հարցն է, և այն մաշեցնել հնարավոր չէ»:
Անդրադառնալով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, որ պետք է վերականգնեն երթևեկությունը, Լ.Շիրինյանն ասաց, որ երկիրը տնտեսական աղետ է ապրում և հայ հասարակությունը պետք է պահանջատեր մնա. «Իսկ ոստիկանությունը պետք է գործի սահմանադրականության և օրինակության շրջանակներում»: