Հոգեբան. «Ռենջերներ» մուլտֆիլմը երեխաների մեջ ագրեսիվություն է առաջացնում
«Հայաստանում վատ վիճակում է զանգվածային լրատվամիջոցների աշխատանքը մանուկների համար: Հայկական հեռուստաընկերությունները մանկական հաղորդումներ չեն պատրաստում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահգություն հայտնեց ՀՊՄՀ-ի հեռուստառադիոլրագրության ամբիոնի դասախոս Կարինե Տիտանյանը:
Ըստ նրա, երկար տարիներ հազարավոր քննարկումներ են անցկացրել տարբեր մասնագետների հետ, բայց վերջնական արդյունքի չեն եկել՝ ինչո՞ւ են հայկական հեռուստաընկերությունները խուսափում մանկական հաղորդումներ պատրաստել:
«Համապետական խնդիր է, լավագույն հոգեբանները, ռեժիսորները, մասնագետները հավաքվեն ու մտածեն, պատրաստեն հաղորդումներ, որպեսզի երեխաները չդիտեն սարսափազդու մուլտֆիլմեր»,- ասաց Կ. Տիտանյանը՝ հավելելով, որ երեխաները մեծանում են ոչ միայն մուլտֆիլների միջոցով, այլ ունեն տարբեր հետաքրքրություններ, որոնք կարելի է բավարարել հենց մանկական հաղորդումների միջոցով:
Ասուլիսին ներկա հոգեբան Աննա Բադալյանի խոսքով, երեխաների դաստիարակության, ինքնահաստատման համար մեծ նշանակություն ունի ընտանիքը, իսկ հեռուստաընկերություններով ցուցադրվող մուլտֆիլմերը, հաղորդումները պետք է ուղղորդող լինեն:
Ըստ նրա, համակարգիչը նույնպես լրատվամիջոց է, տեղակատվության հաղորդման միջոց, սակայն պետք է երեխայի մոտ ձևավորվի համակարգչի հետ շփվելու մշակույթ. «Համակարգիչը պետք է ոչ թե անփոխարինելի զբաղմունք լինի, այլ հետաքրքրություններից, զբաղմունքերից մեկը՝ ծնողների վերահսկողության տակ»:
Հոգեբանի խոսքով, այսօր դոմինանտը «Դիսնեի» մուլտֆիլմերն են, օրինակ` «Ռենջերներ» մուլտֆիլմը երեխաների մեջ առաջացնում է ներքին ագրեսիվություն:
«Եթե ընտանիքում կա մշակված կուլտուրա, մանկապարտեզում, դպրոցում կրթական ծրագրեր, որոնք միջուկը դարձնում են կատարյալին մոտ, ապա այս պարագայում երեխան ունենում է համեմատության աստիճան: Կարող է մի պահ տարվել «Ռեյնջերներով», հետո գիտակցել, որ հերոսները չար են, դաժան են»,- ասաց հոգեբանը:
Ըստ նրա, համակարգային խաղերը երեխաներրի համար վարժանքներ են, զարգացնում են մտածողությունը, երևակայությունը, բայց պետք է լինի ծնողների հսկողության տակ և քիչ ժամականով: