Նստացույց հենց Հանրապետության հրապարակի կենտրոնում
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները ցանկանում են երեք օր շարունակ Երևանի Հանրապետության հրապարակի կենտրոնում նստացույց անել, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տալիս հրապարակի շուրջ գտնվող մայթերից շարժվել դեպի կենտրոն:
Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը լրագրողներին ասաց. «Այս պահին մարդիկ նստած են հրապարակի շուրջ գտնվող մայթերում, սակայն մեր նպատակն է նստացույց անել հենց Հանրապետության հրապարակի կենտրոնում»:
Նստացույցի մասնակիցների հետ զրույցում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ անօրինական է այդ հատվածում գտնվելը. «Ինչ անում եք, արեք սահմանադրական ճանապարհով: Առաջարկում ենք այս հատվածը կամ շատրվանների դիմացի հատվածը 78 ժամ նստացուցը անել: Խնդիր չկա»:
Երևանի փոխոստիկանապետը կրկնեց, որ Հանրապետության հրապարակի կենտրոնում գտնվող «գորգի» վրա արգելված է ակցիա իրականացնելը:
Ի պատասխան ակցիայի մասնակիցներից մեկի այն հայտարարությանը, թե Երևան եկող ճանապարհները փակ են, Երևանի փոխոստիկանապետն ասաց, որ Հանրապետության բոլոր ճանապարհները, այդ թվում Երևանի, բաց են:
Նախորդող հրապարակում՝
Ոստիկանությունը թույլ չի տալիս «Ոտքի՛ Հայաստանին» նստացույցն անցկացնել «գորգի» վրա