Սնուպ Դոգը հայտարարել է, որ այլևս համերգներով հանդես չի գալու Շվեդիայում
Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուպ Դոգը, ում Շվեդիայում ձերբակալել էին թմրանյութ օգտագործելու կասկածանքով, մեղադրել է ոստիկաններին ռասիզմի մեջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
ԶԼՄ-ները հաղորդում են, որ երգիչը խոստացել է այլևս երբեք չվերադառնալ հյուրախաղերով այդ թագավորություն:
«Ներողություն եմ խնդրում իմ շվեդ երկրպագուներից: Բայց ես երբեք չեմ վերադառնա այդ երկիր: Կարող եք ոստիկաններին ասել շնորհակալություն»,- հայտարարել է նա՝ իր բլոգում տեղադրված տեսանյութում:
Իր հայտարարությունը ձայնագրել է ձերբակալությունից անմիջապես հետո՝ ոստիկանական բաժանմունքի ճանապարհին: Երգչի կարծիքով, իրավապահները ձերբակալել են իրեն ռասիստական շարժառիթներով:
Բայց իրավապահ մարմինները հերքել են այդ հայտարարությունը:
«Մենք Շվեդիայում այդպես չենք աշխատում»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Սնուպ Դոգին ձերբակալել էին շաբաթ երեկոյան: Համերգից հետո ոստիկանությունը կանգնեցրել է նրա մեքենան, կասկածանքով, որ նա թմրանյութի ազդեցության տակ է և հարկադրաբար նրան տարել են մոտակա բաժանմունք: Ստուգման արդյունքի մասին ԶԼՄ-ներում որևէ տեղեկատվություն չի հայտնվել: Ենթադրվում է, որ դրա մասին հայտնի կդառնա մի քանի շաբաթից:
argumenti.ru-ն գրում է, որ ստուգումից հետո երգչին ազատ են արձակել: