Սևանի փոխարեն 40 տարի հետո ունենալու ենք ճահճացած լճակ.Աշոտ Օհանյան
«Հայաստանի կառավարության կողմից հօգուտ Սևանա լճի փրկության որևէ ծրագիր չի իրագործվում, թեև նման ծրագրեր կան: Այսօր Սևանը մահանում է, պետք է փրկել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Առողջ միջավայր» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Օհանյանը:
Ըստ նրա, Սևանա լիճ ոչ մի կաթիլ կեղտոտ ջուր չպետք է մտնի, վերջին երեք տարում վիճակն ավելի է վատացել:
«Սևանա լիճը դարձել է համահայկական աղբանոց»,- ընդգծեց նա՝ ներկայացնելով, թե տարվա ընթացքում քանի տոննա ազոտ, թունաքիմիկատներ, ծանր մետաղներ են թափվում լիճը:
Ա. Օհանյանի խոսքով, Հայաստանի անկախության տարիներին Սևանա լիճը ծերացել է 5000 տարով, «եթե այս տեմպերով շարունակենք, հոշոտենք մեր լիճը, ծառայեցնենք բիզնես նպատակներին, 30-40 տարի հետ ունենալու ենք ճահճացած լճակ»: