Ես հայ ժողովրդին օգնելու պարտավորություն ունեմ. ԱՄՆ կոնգրեսական
Ամերիկացի կոնգրեսական Աննա Էշուն, ով հայկական արմատներ ունի, իսկ մայրական կողմից էլ կրում է Բաբայան ազգանունը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է, որ հայ ժողովրդին օգնելու պարտավորություն է զգում:
«Ես զգում եմ, որ հատուկ պատասխանատվություն ունեմ, այսպես ասած, սուրբ պարտավորվածություն՝ օգնելու հայ ժողովրդի հետ հարաբերությունների զարգացմանը»,- նշել է նա:
Վերջինիս խոսքով` Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանում պետական և հանրային հաստատությունների զարգացմանը, քանզի հենց այդ հաստատություններն են դառնում ժողովրդավարության զարգացման լավագույն գործիքը, ինչն էլ իր հերթին բերելու է տնտեսական վիճակի բարելավման:
Ցեղասպանության հիշատակի օրերին Հայաստան կատարած իր այցի տպավորությունների մասին խոսելիս` կոնգրեսկանն ասելէ, որ Հայաստանում տաղանդավոր երիտասարդների բազմություն է նկատել:
«Նրանք նայում են դեպի Արևմուտք և ցանկանում են Արևմտյան ժողովրդավարություն կառուցել, ժողովրդավարություն, որը թույլ կտա երկիրը ոտքի կանգնեցնել: Այս հարցում Հայաստանին լուրջ աջակցություն պետք է ցուցաբերի Միացյալ Նահանգները` օգնելով կրթել և իրենց երկրի ներսում նոր հնարավորություններ ստեղծել հայ երիտասարդների համար»,- նշել է ԱՄՆ-ի տեխնոլոգիապես ամենազարգացած Սիլիկոնի հարթավայրը ներկայացնող կոնգրեսականը:
Վերջինս վերահաստատել է, որ միշտ պատրաստ է օգնելու հայ ժողովրդին և ապա հավելել, որ հայերն Ամերիկայի կոնգրեսում բազմաթիվ բարեկամներ ունեն: