Ա. Ասատրյան. Անհիմն գործազրկության տեղեկանքներ չտրամադրել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հուլիսի 29-31-ը հանդիպումներ է ունեցել զբաղվածության 51 տարածքային կենտրոնների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում նախարարը մտահոգություն է հայտնել գործազրկության տեղեկանքների տրամադրման հետ կապված, որոնց թիվը վերջին շրջանում ավելացել է: Ա. Ասատրյանը հորդորել է տարածքային կենտրոնների ղեկավարներին անհիմն գործազրկության տեղեկանքներ չտրամադրել, այլ հակառակը՝ աշխատանք չունեցող անձին ընդրգկել զբաղվածության ծրագրերում:
«Զբաղվածության տարածքային կենտրոնը չպետք է դառնա գործազրկության տեղեկանք տրամադրող մարմին: Կենտրոնները, բոլոր հնարավոր միջոցներով, անձին պետք է ուղղորդեն դեպի զբաղվածություն՝ նրան առաջարկելով համապատասխան աշխատանք»,-ընդգծել է նախարարը:
Հանդիպումների ընթացքում տարածքային կենտրոնների ղեկավարները ներկայացրել են ընթացիկ տարվա 1-ի կիսամյակի ընթացքում իրականացրած զբաղվածության ակտիվ ծրագրերի աշխատանքները, ցուցանիշները, գործատուների հետ համագործակցության արդյունքները և, իհարկե, առկա խնդիրները:
Արտեմ Ասատրյանը կարևորել է կայուն զբաղվածություն ապահովող և սեզոնային զբաղվածության ծրագրերի արդյունքները՝ նշելով, որ այդ ծրագրերը կանխում են արտագաղթը, քանի որ հնարավորություն են տալիս, հատկապես, երիտասարդ ընտանիքներին մնալ և աշխատել մեր երկրում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, կենտրոնների ղեկավարները հիմնական ծրագրային արդյունքները ներկայացնելուն զուգահեռ ընդգծել են հասարակության շրջանում պետական զբաղվածության ծրագրերի նկատմամբ աճող վստահությունը, ինչը վկայում են ամսե-ամիս ավելացող շահառուների թիվը և ակտիվ ծրագրերի շնորհիվ աշխատանքի տեղավորված անձանց գրավոր և բանավոր շնորհակալությունները:
Սեզոնային զբաղվածության ծրագրի արդյունավետության առումով, կենտրոնների ղեկավարները փաստել են, որ ծրագրի արդյունքում հատկապես՝ սահմանամերձ համայնքներում, մշակվել են 10 տարուց ավելի չմշակված հողատարածքներ:
2015թ. հունվար-հունիս ամիսներին զբաղվածության պետական ծրագրերի իրականացման արդյունքում հանրապետությունում աշխատանքի է տեղավորվել 4566 աշխատանք փնտրող, որից 2992-ը՝ կին, 3833-ը՝ աշխատաշուկայում անմրցունակ անձ: Աշխատանքի տեղավորվածներից 1205-ը երիտասարդ են:
Նախորդող հրապարակում՝
Ինչ պայմաններով է գյուղացին վճարվում պետությունից հողօգտագործման համար
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը