Ստացած գիտելիքները սպայի մասնագիտական բարձունքին հասնելու առաջին աստիճանն է. Արմեն Ղահրամանյան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով այսօր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և ռազմաուսումնական հաստատությունների 221 շրջանավարտների շնորհվեց առաջին սպայական լեյտենանտ կոչում: ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ավարտական փաստաթղթերի և սպայական դաշույնների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«Այսօրն առանձնահատուկ է հայկական երկու հանրապետությունների համար: ՀՀ ռազմաքաղաքական խնդիրներն ու մարտահրավերները պարտադրում են մեզ նորաստեղծ հայկական բանակը համալրել ժամանակակից միջազգային պահանջմունքները բավարարող և հարուստ գիտելիքներով օժտված սպաներով»,-իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը:
Նրա խոսքերով տարածաշրջանի աշխարհաքաղաքական յուրահատկությունները, արտաքին սպառնալիքները պատրադրում են ամեն վայրկյան պայքարել ժողովրդի անվտանգության համար:
«Ուսումնառության չորս տարիների ընթացքում դուք ստացաք գրագետ ծառայության ապահովման համար անհրաժեշտ գիտելիքների պաշար, յուրացրեցիք ռազմական գործի գաղտնքիները, ձեռք բերեցիք ենթականերին ուսուցանելու և դաստիարակելու կայուն հմտություններ, ինքնավստահություն, սեփական ուժերին ապավինելու մտածելակերպ: Սակայն պետք է գիտակցեք, որ ստացած գիտելիքները սպայի մասնագիտական բարձունքին հասնելու առաջին աստիճանն է»,-ընդգծեց Արմեն Ղահրամանյանը:
Հիշեցնենք, որ հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան սպաներ, ինչպես նաև շրջանավարտների ծնողները և հարազատները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ