Նորօրյա մարտահրավերներին դիմակայելու համար պահանջվում է նույնակերպ մտածողություն. Դեսպան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ներկա են գտնվել ԱՄՆ զինված ուժերի կողմից հայ սանհրահանգիչների պատրաստման համար դասախոսական կազմի նորարարական ուսումնական դասընթացի ավարտական միջոցառմանը: Դասընթացի առաջին հայ շրջանավարտները 12-ն են եղել: Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից:
Վերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ Ցամաքային ուժերի 6 զինծառայողներ դասընթացներ են անցկացրել հայ գործընկերների համար, ովքեր սկսելու են ծառայել որպես հրահանգիչներ Հայաստանի զինված ուժերի ռազմական բուժակների դպրոցում: Դասընթացն ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ու ՀՀ Պաշտպանության նախարարության գործակցության շրջանակում է իրականցվում և նպատակ ունի բարելավել վիրավոր զինծառայողներին ցուցաբերվող բուժօգնությունը:
«Հայ-ամերիկյան կուռ և ամուր գործընկերությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ինչպիսիք կարող են լինել ձեռքբերումները, երբ մենք աշխատում ենք միասին: Այսօրվա ավարտական միջոցառումը շարունակաբար աճող և ամրապնդվող երկկողմ համագործակցության մի նոր օրինակ է: Այս դասընթացը մեր պետությունների փոխադարձ առաջընթացի, մեր բարեկամության և միմյանց նկատմամբ կուռ հավատի և վստահության դրսևորման ևս մեկ օրինակ է: Գիտեմ, որ մեր գործընկերությունը կամրապնդվի անվտանգությանն ու կայունությանն ուղղված մարտահրավերներին դիմակայելու մեր հետագա ջանքերին զուգընթաց, մարտահրավերներ, որ որևէ երկիր ի զորու չէ միայնակ լուծել: Նորօրյա մարտահրավերներին դիմակայելու համար պահանջվում է նույնակերպ մտածողություն ու մոտեցումներ որդեգրած պետությունների համագործակցություն, իսկ այսօրվա մեր միջոցառումը փաստում է, որ հայ-ամերիկյան համագործակցությունն ընթանում է աշխույժ ու լավ» - ասել է դեսպան Միլսը:
Ամերիկյան զինված ուժերի և Հայաստանի Խաղաղապահ բրիգադի միջև վաղուց ի վեր ձևավորված գործընկերությունը մեծ կարևորություն ունի: 2004թ. Հայաստանի խաղաղապահ բրիգադի մեկ դասակ ՆԱՏՕ-ի ուժերի կազմում տեղակայվեց Կոսովոյում՝ կայունության ու խաղաղության ապահովման նպատակով: Այդ ժամանակվանից ի վեր հայ զինծառայողներն ակտիվորեն աջակցել են ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություներին թե՛ Իրաքում, թե՛ Աֆղանստանում, իսկ անցած տարի նոյեմբերին հայկական զորամիավորումները ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում մեկնեցին Լիբանան: