Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե որքան է կազմել թանկացած էլեկտրաէներգիայի դիմաց օգոստոս ամսվա սուբսիդավորումը
Կառավարության նիստից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամսական մինչև 500 կՎտ ժամ էլեկտրաէներգիա ծախսող փոքր ու միջին բիզնեսի համար կառավարությունը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կփոխհատուցի կիսով չափ՝ 250 կՎտ ժամի համար:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ կայացված որոշման համաձայն` գործադիրը կվճարի ամսական մինչև 500 կՎտ/ժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող ՓՄՁ-ների 250 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը:
Ե. Զախարյանը նշեց, որ փոքր ու միջին բիզնեսի ծախսերի շրջանակները 500-600 կՎտ ժամ-ի սահմաններում են:
«Նրանց մի մասի՝ 250 կՎտ ժամ-ի չափով է սուբսիդավորվելու: Մեծ արտադրական ձեռնարկություններն ու խոշոր բիզնեսը չի սուբսիդավորվելու»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ ամբողջական փոխհատուցում չի իրականացվում, նախարարն ասաց, որ խոսքը միջոցների ու հնարավորությունների մասին է:
«Սուբսիդավորումը կտրվի մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընթացող խորհրդատվական աշխատանքների ավարտը, որից հետո Կառավարություն կներկայացնենք համապատասխան որոշումը»,- նշեց Ե.Զախարյանը:
Նա միաժամանակ ավելացրեց, որ դա ՀԷՑ-ի աուդիտի հետ կապված չէ, ՀԷՑ-ն արդեն արել է աուդիտի հայտարարություն, ազատ մրցույթ է հայտարարված՝ մինչ սեպտեմբերի 30-ը բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել հայտերը:
Պատասխանելով հարցին, թե որքա՞ն է կազմել օգոստոս ամսվա սուբսիդավորումը, Ե.Զախարյանն ասաց, որ հաշվարկները դեռևս ընթանում են, մոտ օրերս դրանք կլինեն: