Համաձայնեցվել է ՀԷՑ-ի գործունեության աուդիտի անցկացման Տեխնիկական առաջադրանքը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ և ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի ՌԴ Կառավարության նախագահ Դ. Մեդվեդևի հետ 2015թ. հուլիսի 9-ի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և ՌԴ էներգետիկայի նախարարությունը համաձայնեցրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործունեության աուդիտի անցկացման Տեխնիկական առաջադրանքը: Այս մասին հայտնում են ՀՀ ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տեխնիկական առաջադրանքը նպատակաուղղված է ստանալ անկախ միջազգային հեղինակություն վայելող խորհրդատվական կազմակերպության կարծիքը հետևյալ երեք խնդիրների վերաբերյալ.
Առաջին խնդիրը՝ ընկերության 2009-2014թթ ծախսերի հիմնավորվածության մասին եզրակացությունն է, առևտրային և տեխնոլոգիական կորուստների մակարդակի ուսումնասիրությունն է, երկրորդ խնդիրը՝ իրականացված ներդրումային ծրագրերի արդյունավետության, ինչպես նաև անշարժ գույքի և ավտոտրանսպորտային միջոցների վարձակալության վճարների հիմնավորվածության ուսումնասիրությունն է, երրորդ խնդիրը՝ ընկերության կառավարման գործողությունների արդյունավետության գնահատումն է:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտարարել է բաց մրցույթ՝ աուդիտորական ծառայությունների մատուցման համար և հաղթող կազմակերպությունը պայմանագիր ստորագրելուց 4 ամիս անց կավարտի իր ուսումնասիրությունը և դրանից 30 օր անց կներկայացնի վերջնական հաշվետվությունը: Մրցութային հայտերը կներկայացվեն մինչև 2015թ. սեպտեմբերի 30-ը:
Աուդիտի արդյունքները կհրապարկվեն և հասանելի կլինեն հանրության համար:
Նախորդող հրապարակում՝
ՀԷՑ-ը աուդիտորական ծառայությունների մատուցման բաց մրցույթ է հայտարարել