ՀՀ-ում հիմնախնդիր է թափոնների վերամշակման և այրման գործարանների բացակայությունը
Ներկայիս գլոբալ հիմնախնդիրներից մեկը, որը սերտորեն կապակցված է կայուն զարգացման ապահովման խնդրի հետ, շրջակա միջավայրի և բնակչության պաշտպանությունն է կայուն օրգանական աղտոտիչների և հատկապես դիօքսինների և ֆուրանների ազդեցությունից:
Այս մասին նշել է ՀՀ ԲՆ աշխատակազմի ղեկավար Խ. Աղաբեկյանը՝ այսօր «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրին նվիրված ներածական սեմինարի ժամանակ:
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի /2003 թ./ կոնվենցիայի պարտավորությունների` կողմ երկրները պետք է աջակցեն առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառմանը` բաց այրումը կանխարգելելու նպատակով:
Թափոնների բաց այրումն աղբավայրերում կենցաղային աղբի վերացման ամենաէժան, հեշտ և համեմատած արագ եղանակ է, սակայն շրջակա միջավայրում դիօքսինների զգալի աղբյուր է:
Բաց այրումը միշտ ուղեկցվում է ծխով և տհաճ հոտով, և առաջանում են մի շարք այնպիսի վտանգավոր նյութեր (դիօքսիններ, ֆուրաններ, պոլիքլորացված բիֆենիլներ, հեքսաքլորբենզոլ), որոնք թերի այրման արգասիքներ են և կարգավորվում են Ստոկհոլմի կոնվենցիայով:
Այս հիմնախնդիրը արդիական է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ հանրապետությունում բացակայում են թափոնների վերամշակման, օգտահանման և այրման գործարաններ, ինչպես նաև թափոնների վնասազերծման մասնագիտացված պոլիգոններ:
Վերոհիշյալ նկատառումներից ելնելով, քանի որ նոր պոլիգոնների ստեղծումը կպահանջի ժամանակ և ներդրումներ, ծրագիրը կոչված է ցուցադրելու, որ կարելի է համեմատաբար ցածր ներդրումների, մատչելի տեխնոլոգիաների կիրառման դեպքում ավելի լավ կառավարել հին աղբավայրերը` կտրուկ նվազեցնելով հիմնական էկոլոգիական հիմնախնդիրները, միևնույն ժամանակ ակնկալելով նոր առաջնակարգ պոլիգոնների ստեղծում:
«Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագիրն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) հետ համատեղ և նպատակաուղղված է դիօքսինների և ֆուրանների արտանետումների կրճատմանը բաց այրման աղբյուրներից: