Բացվել է Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին (լուսանկարներ)
Այսօր Նոր Նորք վարչական շրջանում հանդիսավոր բացվել է Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին:Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման տարածքի հարակից նոր զբոսայգին կառուցվել է Երևանի համայնքային 2014թ. ծրագրերի շրջանակներում։ Թաթուլ Կրպեյանի անվամբ նորակառույց զբոսայգին անվանակոչվել է Երևանի ավագանու 2015թ. մարտի 18-ի N299-Ն որոշմամբ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիսավոր արարողության շրջանակում Երևանի քաղաքապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ազատամարտի նահատակների հիշատակին, ծաղիկներ խոնարհել այգում ամփոփված ազատամարտիկների շիրիմներին:
Ծրագրի շրջանակում այգում կառուցվել են բազալտե աստիճաններ, սալիկապատվել են ճեմուղիները, նորերով են փոխարինվել եզրաքարերը, ինչպես նաև կառուցվել են հենապատեր, որոնք երեսպատվել են տրավերտինե և բազալտե սալերով: Այգու ամբողջ տարածքն ապահովված է զրուցարաններով, նստարաններով և աղբամաններով, ցայտաղբյուրներով: Ակտիվ ժամանցի անցկացման համար այգում կառուցվել է թենիսի հարթակ, ինչպես նաև մանկական խաղահրապարակներ: Տարաբնույթ միջոցառումների անցկացման համար այգում կառուցվել է նաև ամֆիթատրոն: Ճարտարապետական հետաքրքիր լուծման միջոցով այգում կա կանաչ լաբիրինթոս: Կառուցվել է 44 փոքր շատրվաններով համալրված ջրավազան: Հանգստի գոտին ապահովվել է շուրջ 3200 գծմ ոռոգման նոր համակարգով ու էներգախնայող լուսատուներով արտաքին լուսավորության նոր ցանցով: Տարածքում գործում են նաև սանհանգույցներ:
«Օրն իսկապես խորհրդանշական է նաև այն առումով, որ Արցախյան ազատամարտի հերոսի անունը կրող այգու բացումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրը, այն անկախության, հանուն որի իր կյանքը զոհաբերեց նաև Թաթուլը։ Վստահ եմ, որ այս այգին իր ուրույն տեղը կունենա մայրաքաղաքի կյանքում և համապատասխան հենք կհանդիսանա մեր երկրում հայրենասիրական գաղափարական և հատկապես մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության համար: Վստահ եմ, մանուկ սերունդն այս պուրակում հանգստանալով, ուսումնասիրելով և ծանոթանալով այստեղ տեղադրված հուշակոթողների պատմությանը՝ հաստատապես փորձելու է նմանվել հայրենիքի նվիրյալ մեր անվախ հերոսներին»,- նշել է Սեյրան Օհանյանը:
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ այգու մի հատվածում հանդիսավորությամբ բացվել է նաև 2014թ. նոյեմբերի 12-ին խոցված ԼՂՀ ՊԲ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակին նվիրված հուշարձանը: