Այս սահմանադրությամբ ընտանիքը ներկայացված է որպես բուծարան. Վարդան Խաչատրյան
Սահմանադրության նախագիծը մակրո մոտեցումների տեսակետից լուրջ քննադատության չի դիմանում, քանի որ առանձնահատկությունը՝ որպես հայ ժողովրդի Սահմանադրություն, դժվար է գտնել: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին պատգամավոր, քաղաքագետ Վարդան Խաչատրյանը:
«Այսինքն՝ հնարավոր չէ գտնել այն քաղաքական որակները, որոնք պետք է առանձնացված լինեն կամայական Սահմանադրության մեջ»,- ասաց նա:
Ըստ Վ.Խաչատրյանի՝ բարդ է պատկերացնելը, որ նեգատիվ դինամիկայի պայմաններում, ինչպես օրինակ՝ արտագաղթն է, Սահմանադրություն է ընդունվում:
«Սահմանադրությունն օրենք է օրենքների մասին, որի վրա էլ խարսխվում են մյուս բոլոր օրենքները: Եթե մենք փոփոխում ենք մեծ թվով կետեր, դա նշանակում է, որ մենք վերևից ներքև փոխելու ենք իրավական օրենքների ողջ դաշտը»,- ասաց քաղաքագետը:
Վարդան Խաչատրյանը առանձնացրեց Սահմանադրության նախագծում առկա թերությունները: Ըստ նրա, լուրջ թերությունը՝ ընտանիքի ձևակերպումն է. «Հայ ժողովրդի առհավատչյան նստած է նրա ընտանիքի վրա: Այսինքն՝ հազարամյակներով գոյատևելը պայմանավորված է հենց այդ ընտանիքների գոյությամբ: Մինչդեռ այն այս Սահմանադրության նախագծում հայտարարված է որպես բուծարան՝ հասարակության քանակական բազմապատկման հնարավորություն: Սա որպես ձևակերպում՝ որևէ աղերս չունի հայ ժողովրդի հազարամյա պատմության հետ»:
Վ.Խաչատրյանը նշեց նաև, որ պետք է վերանայել Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերությունները:
«Ներկայացվում է հայաստանյաց, սակայն հայ եկեղեցին սփռված է աշխարհով մեկ ու միայն Հայաստանով չի սահմանափակվում»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպես է վերաբերում քաղաքական ուժերի, մասնավորապես՝ ընդդիմադիր մի քանի ուժերի հանդիպումներին Սերժ Սարգսյանի հետ, Վ.Խաչատրյանն ասաց, որ չի կարծում, թե այդ հանդիպումները որևէ արդյունք կարող են տալ: