Քննարկվում է ՈԱԱԿ 2016-2020թթ. ռազմավարական ծրագիրը
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) այսօր հիմնադրամի աշխատակազմի, Հոգաբարձուների խորհրդի, Հավատարմագրման հանձնաժողովի և փորձագետների մասնակցությամբ քննարկվել են կենտրոնի 2016-2020թթ. ռազմավարական ծրագրի հիմնական ուղղությունները: Հանդիպումը վարել է ՈԱԱԿ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը:
Ինչպես տեղեկացնում են ՈԱԱԿ-ից, միջոցառման սկզբում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել ներկա ռազմավարական ծրագրի հիմնական դրույթներին, ապա ներքին շահակիցների մասնակցությամբ քննարկվել է, թե անցած 5 տարիների ընթացքում հիմնադրամը որքանով է իրականացրել իր առջև դրված նպատակներն ու խնդիրները: Այնուհետև վեր են հանվել ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքում բացահայտված խնդիրները, օրենսդրական բացերը, քննարկվել են դրանց լուծման հնարավոր տարբերակները:
Ռազմավարական ուղղությունները որոշելիս, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև հանրային վստահության ամրապնդմանն միտված քայլերը, ինչպես նաև ՈԱԱԿ դերակատարության մեծացման հնարավորությունը ՀՀ տարածքից դուրս: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշել է, որ հիմնադրամի դերակատարության մեծացումը տարածաշրջանում կբարձրացնի վստահությունը հայաստանյան բարձրագույն կրթական համակարգի նկատմամբ, ինչն էլ իր հերթին կնպաստի օտարերկրյա ուսանողների հոսքի աճին դեպի հայաստանյան բուհեր:
Առաջիկայում ՈԱԱԿ ռազմավարական ուղղությունները կքննարկվեն նաև արտաքին շահակիցների հետ, որից հետո համապատասխան աշխատանքային խմբեր կձևավորվեն`ռազմավարական ծրագիրն ամբողջացնելու համար: