Շառլ Ազնավուրն առաջարկել է բարձրացնել բաժակները` հանուն Հայաստանի խաղաղության և բարգավաճման
«Ինքս, ծնողներս զրկված լինելով հայրենիքից, ուրախ եմ, որ այժմ ունեմ երեք հայրենիք, որտեղ ինձ երջանիկ եմ զգում` Հայաստանը, Ֆրանսիան և Շվեյցարիան», - նշել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված Ժնևում կազմաերպած պաշտոնական ընդունելության ժամանակ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Դեսպան Ազնավուրն իր ելույթում նշել է, որ 24 տարին, անշուշտ, մեծ ժամանակահատված չէ առավել քան երեք հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի համար: Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության անկախության քսանչորս տարիները վճռորոշ ժամանակահատված են մեր ժողովրդի` հատկապես ազգերի ընտանիքում վերաինտեգրման համար:
Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի բոլոր բարեկամներին, բոլոր նրանց, ովքեր Հայաստանի ուղեկիցներն են այդ ճանապարհին` հիշատակելով, մասնավորապես, Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպություններին, Շվեյցարիային:
Շառլ Ազնավուրն առաջարկել է բարձրացնել բաժակները` հանուն Հայաստանի խաղաղության և բարգավաճման, հանուն հայ-շվեյցարական բարեկամության և մեր մոլորակի լավագույն ապագայի: