Գագիկ Ծառուկյանի հարկային պարտավորությունների վերաբերյալ ստուգումները ընթացքի մեջ են
Վարչապետի հանձնարարությամբ՝ պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարման արդյունքների ստուգման, ուսումնասիրման, ամփոփման և ձևակերպման գործընթացները դեռևս գտնվում են ընթացքի մեջ: Այս մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գրավոր հարցմանը:
Նիկոլ Փաշինյանն այսօր հիշեցրեց, որ 2015թ. մայիսի վերջին վարչապետն ասել էր, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում հունիսի սկզբին հարկային ստուգումներ տեղի կունենան:
«Հաշվի առնելով վերոնշյալ միջոցառումների կարևորությունը և ծավալուն լինելը, օրենսդրությամբ նախատեսված համապատասխան գործողությունների կատարման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հրապարակվել միայն դրանց կատարման ավարտից հետո: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց Դ.Հարությունյանը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե իրականում առկա են հարկային խախտումներ, թե`ոչ, Դ.Հարությունյանը նշեց. «Վերջերս մամուլում Հանրապետական կուսակցության անդամներին ուղղված են եղել հարցեր՝ իրենց հարկային պարտավորությունների հետ կապված: Պատասխանը մեկն է՝ այստեղ գործում է օրենքը, և բոլորի համար օրենքն է լինելու գերակա»: