Իհարկե տնտեսությունում դժվարություններ կան, բայց պետք չէ գույները խտացնել. Վաչե Գաբրիելյան
Այսօր Հայաստան տրանսֆերտների նվազումը դոլարային արտահայտությամբ կազմում է մոտ 25 տոկոս, իսկ ռուբլիով տրանսֆերտները, շարունակում են մնալ նույն մակարդակի վրա: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանի՝ աղքատության խնդրի ու տնտեսությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին:
Փոխվարչապետի խոսքերով՝ տնտեսական ակտիվությունը հատկապես մարզերում, որտեղ զբաղվում են գյուղատնտեսությամբ, այս տարի բավական բարձր է եղել: «Եթե այս տեսակետից ենք նայում, տեսնում ենք, որ եկամուտների ավելացում է տեղի ունեցել: Եւ այս պահին շատ բարդ է ներկայացնել վիճակն օրհասական և շատ է խտացնում գույները»,- ասաց նա:
Իհարկե, ըստ Վ. Գաբրիելյանի, տնտեսությունում դժվարություններ կան, սակայն չի կարելի չնկատել գյուղատնտեսության ոլորտում գրանցած աճը, տրանսֆերտների բարելավվող հոսքը և հանգել եզրակացությունների, որոնք իրականությանը չեն համապատասխանում:
Փոխվարչապետն ասաց նաև, որ շարունակում է ամբողջությամբ գործել սոցիալական ապահովության ցանցը: 106 հազար նպաստառու ընտանիքներ կան, ովքեր իրենց նպաստները ժամանակին ստանում են: Բացի այդ, ըստ նրա, Կառավարությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար մեղմել է էներգետիկ ոլորտում վերջին թանկացումների ազդեցությունը:
«Այս տեսակետից ևս մի շարք քայլեր, որոնք իրականացվում են, նվազեցնում են բնակչության վրա հնարավոր ազդեցությունը, որին ենթարկվել է մեր տնտեսությունը արտաքին գործոններից ելնելով: Կարծում եմ, որ այս տարի մենք, շեշտը դնելով գյուղատնետսության աճի վրա, կարողացանք որոշակի մեղմել այս ազդեցությունը: Ամեն ինչ պետք է անենք, որ այդ զարգացման վեկտորը հնարավորինս բարձր պահենք»,- ասաց Վաչե Գաբրիելյանը: