«Շնորհակալ ու մեծապես զգացված եմ, որ տարեցներին ուշադրություն են դարձնում» (լուսանկարներ)
«Հայաստանի կառավարությունն իր գործունեության ծրագրում հստակ քայլեր է սահմանել տարեցների կարիքներին համապատասխան բազմաթիվ սոցիալական ծառայությունների տրամադրման միջոցով բարձրացնել տարեցների կյանքի որակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը:
Նրա խոսքով, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում տարեցների հիմնախնդիրները, հատուկ ուշադրություն է դարձնում միայնակ տարեցներին:
«Նախարարությունը տարեցներին ծառայություն է մատուցում ոչ միայն շուրջօրյա հաստատություններում, այլ նաև ունենք տնային սոցիալական սպասարկման ծառայություն: Սոցիալական աշխատողները, իրավաբանները, հոգեբանները տնային պայմաններում համապատասխան ծառայություններ են մատուցում միայնակ տարեցներին»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով, տարեցների համար կարևոր է, որ իրենք իրենց միայնակ չզգան, շփվեն իրենց հասակակիցների հետ. «Ցերեկային կենտրոնների, ակումբների ստեղծումը հենց այդ նպատակին են ծառայում»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկման կենտրոնը, Ջ. Բաղդասարյանի խոսքով, ունի 1500 շահառու: Այսօր կենտրոնի շահառուների համար Տարեցների միջազգային օրվա և կենտրոնի գործունեության 15-ամյակի կապակցությամբ Առնո Բաբաջանյան համերգասրահում կազմակերպվել էր համերգ-միջոցառում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ողջ աշխարհը նշում է Տարեցների միջազգային օրը:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը: «Արդեն ավանդույթ է դարձել և մեր տարեցները յուրանքչյուր տարի սպասում են այս միջուցառմանը, սպասում են, որ Հանրապետության առաջին տիկինն անպայման ներկա է լինելու: Ինչպես միշտ, նա եկել է նվերներով»,- ասաց Ջ. Բաղդասարյանը:
Panorama.am-ի հետ զրույցում կենտրոնի շահառուները նշեցին, որ շատ գոհ են կենտրոնի մատուցած ծառայություններից:
«Ամեն շաբաթ գալիս են, ճնշում են չափում, նայում են ինչի անհրաժեշտություն ունեմ, եթե չեմ կարողանում գնալ խանութ, իրենք են գնում, անհարժեշտ բաներն առնում: Շատ գոհ եմ»,- ասաց կենտրոնի շահառուներից Ջուլիետա տատիկը: Նա նշեց, որ երկրորդ կարգի հաշմանդամ է, 8 տարի է այս կենտրոնից շահառուներից է:
Անահիտ Թորոսյանն ասաց, որ շնորհակալ ու մեծապես զգացված է, որ տարեցներին ուշադրություն են դարձնում. «Ամեն շաբաթ գալիս են, հետաքրքրվում են՝ սոված եմ, ծարավ եմ, ինչի կարիք ունեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ