Տավուշի մարզում նախորդ տարվա համեմատ կավելանան խաղողի արտադրության և մթերման ծավալները
Տավուշի մարզում շարունակվում են խաղողի մթերման աշխատանքները: Մարզում առկա 1355,8 հա խաղողի այգիներից բերքատու է 1345,2 հեկտարը: Անցած տարի մարզում արտադրվել է 14.584 տոննա խաղող, որից մթերվել է 7.525 տոննան: Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից:
Նախնական հաշվարկներով, 2015 թվականին նախորդ տարվա համեմատ կավելանան թե արտադրության և թե մթերման ծավալները. ընթացիկ տարում կանխատեսվում է արտադրել շուրջ 15.500-16.000 տոննա խաղող, որից կմթերվի մոտ 8.100 տոննան:
Սեպտեմբերի 14-ից մթերման աշխատանքների մեկնարկը տվել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, որն այսօրվա դրությամբ արդեն մթերել է շուրջ 4.700 տոննա խաղող: Իջևանի գինու-կոնյակի գործարանը մինչ օրս մթերել է 835, Այգեձորի պահածոների «Էկոգարդեն» գործարանը` 218, «Երևանի շամպայն-գինիների գործարան» ԲԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը` 1225 տոննա խաղող: Հոկտեմբերի 5-ից բերքի մթերումն սկսել է նաև Բերդավանի գինու գործարանը:
Դեբեդավանում 1 կիլոգրամ խաղողն ընդունվում է 120 դրամով, Բերդավանում` 150, մնացած գործարանները ընդունած 1 կիլոգրամ խաղողի դիմաց կվճարեն 140 դրամ:
Գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն նախօրեին այցելել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության Մասիսի մթերման կայան,
որտեղ հանդիպում է ունեցել ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանի և խաղողագործների հետ։
Հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը նշել է, որ խաղողագործների հետ հանդիպման ժամանակ տրված խոստումը կիրականացվի։
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերությունը իրականացնում է խաղողի մթերման աշխատանքներ Արմավիրի, Արարատի և Տավուշի մասնաճյուղերում։ Որպեսզի մեծ կուտակումներ չառաջանան գործարանների մոտ, Գագիկ Ծառուկյանն առաջարկել է խաղողագործներին 1-2 օր խաղողի բերքահավաք չիրականացնել, որպեսզի հնարավոր լինի մթերել արդեն իսկ քաղված խաղողի բերքը, քանի որ քաղված բերքն օրեցօր որակազրկվում է, և ընկերությունը չի կարող մթերել այդ խաղողը։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ այսօր Արարատի և Արմավիրի մարզերում կայացած հանդիպումների ժամանակ ևս հորդորել է, 1-2 օր խաղողի բերքահավաք չիրականացնել, որպեսզի բերքը չորակազրկվի, և
ընկերությունները կարողանան մթերել այն։ Գագիկ Ծառուկյանը միաժամանակ տեղեկացրել է , որ մթերման աշխատանքներն այսուհետև ևս կշարունակվեն։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց