Խորհրդարանը պատրաստ է բոլոր ողջամիտ առաջարկները կյանքի կոչելու. Հ. Թովմասյան
Խորհրդարանը բաց է երկխոսության համար և պատրաստ է անել հնարավորը՝ բոլոր ողջամիտ առաջարկները կյանքի կոչելու, քանի որ նորանկախ Հայաստանի ձեռքբերումներից մեկն էլ հենց քաղաքացիական հասարակության ձևավորումն է: Այս մասին նշել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը՝ այսօր Ազգային ժողով և քաղաքացիական հասարակություն կապն ամրապնդելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հյուրերն առաջարկով դիմել են ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ առաջիկայում ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությանը վերապահել ՔՀԿ, այսպես կոչված, պատվիրակի դերը ՀՀ ԱԺ-ում:
Հրայր Թովմասյանը «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառման կազմակերպման և անցկացման աշխատանքներին արժեքավոր ներդրում ունենալու համար մի շարք մասնակիցների հանձնել է շնորհակալագրեր: