Հայաստանը ուժի, հպարտության, արիության, հաղթանակի խորհրդանիշ է. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար
«Կան վայրեր, որոնք հարուստ են խորհրդանիշներով, պատմության զարկերն ավելի ուժգին է բաբախում, հիշողությունը շատ ուժեղ է: Հայաստանն այդ օրինակներից է: Հայաստանը նաև ուժի, հպարտության, արիության, հաղթանակի խորհրդանիշ է, խորհրդանիշ է ժողովրդի, որ կարողացել է վերածնվել, մշտապես առաջ գնալ»,- Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի բացման խոսքում ասաց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:
Նա շնորհակալություն հայտնեց աննախադեպ, անհամեմատելի հյուրընկելության համար և այն ամենի, ինչ Հայաստանը բերում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը: Իր ելույթում կազմակերպության գլխավոր քարտուղարն ասաց, որ Ֆրանկոֆոնիան պետք է նպաստի նաև նոր ճանապարհների բացմանը, նոր լուծումներ առաջարկելուն միջազգային նոր համատեքստում, որը դյուրին չէ և հանդիպում է բազմաթիվ խնդիրների: Նա կարևորեց խնդիրների լուծման համար տարբեր գործընկերների հետ համագործակցությունը, նոր ֆինանսավորում գտնելը:
«Ֆրանկոֆոնիան ակնկալում է, որ բոլորս պետք է խոսենք մեկ, միասնական, ուժեղ ձայնով, որպեսզի կարողանանք ճնշել, ազդեցություն ունենալ պահպանելու այն սկզբունքներն ու նպատակները, որոնք պաշտպանում է Ֆրանկոֆոնիան»,- ասաց Մ. Ժանը՝ ընդգծելով, որ չկան տեղական մարտահրավերներ, ողբերգություններ, սպառնալիքներ, կան բոլորին վերաբերող մարտահրավերներ, ողբերգություններ և սպառնալիքներ:
«Մենք պետք է շարունակենք լինել միասնական Ֆրանկոֆոնիայի շրջանակներում: Մենք գիտենք, որ ժամանակը հապաղել չի կարող: Դադարենք լինել առանձին, իրապես լինենք միասին, և սրա համար ես պատրաստ եմ պայքարել»,-ասաց Միկայել Ժանը:
Նախորդող հրապարակումներ՝
Սերժ Սարգսյան. Հանդուրժողականության, ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված հասարակության կառուցումը մեր բոլորի նպատակն է
Կարևոր իրադարձություն մեր կազմակերպության և Հայաստանի համար. Միկայել Ժան